COVID-19-ի «դելտա» շտամը աշխարհում վարակվածության նոր դեպքերի աճի հիմնական պատճառն է, մենք վարակի երրորդ ալիքի շեմին ենք, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը՝ խոսելով աշխարհում COVID-19-ի հետ կապված իրավիճակի գնահատման՝ ԱՀԿ արտակարգ հանձնաժողովի նիստի բացման արարողությանը, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն:

««Դելտա» տարբերակը վարակվածության նոր դեպքերի աճի հիմնական շարժիչներից է. այն մարդկանց սոցիալական փոխազդեցության եւ տեղաշարժի ավելացման, ինչպես նաեւ հաստատված սոցիալական եւ հանրային առողջապահական միջոցառումների անհետեւողական կիրառման արդյունք է», - ասել է նա:   

Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում բնակչության շրջանում պատվաստումների մակարդակի աճը սկսել է դրական ազդեցություն ունենալ, եւ վարակածության ու մահվան դեպքերը կրճատվել են: Այնուամենայնիվ, իրավիճակը կրկին փոխվել է, եւ աշխարհը «երրորդ ալիքի շեմին է»:

«Անցյալ շաբաթը արդեն չորրորդ շաբաթն էր, որ COVID-19-ով վարակածության մակարդակն աճում էր ամբողջ աշխարհում, եւ դեպքերը աճում էին ԱՀԿ-ի բոլոր տարածաշրջաններում, բացի մեկից: 10 շաբաթ անկումից հետո մահացությունը նույնպես աճում է», - նշել է ԱՀԿ գլխավոր տնօրենը:

ԱՀԿ արտակարգ իրավիճակների կոմիտեն հանդիպում է յուրաքանչյուր երեք ամիսը մեկ` գնահատելու COVID-19-ի տարածման վտանգի աստիճանը: Ըստ կոմիտեի որոշման՝ ներկայումս հիվանդությունը միջազգային նշանակություն ունեցող հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ է ներկայացնում:

Ակնկալվում է, որ հանձնաժողովը հուլիսի 15-ին կայանալիք նիստի արդյունքներով ԱՀԿ-ին կներկայացնի իր նորացված առաջարկությունները: