Փարիզում տեղի են ունեցել բախումներ ոստիկանների եւ նախագահ Էմանուել Մակրոնի ծրագրի դեմ ակցիայի մասնակիցների միջեւ. ծրագրով պահանջվում է ներկայացնել COVID-19-ի դեմ պատվաստման հավաստագիր կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք բարեր, ռեստորաններ եւ կինաթատրոններ մուտք գործելու համար, հաղորդում է Reuters-ը:

Այս շաբաթ Մակրոնը հայտարարել էր կորոնավիրուսային վարակի արագ աճի դեմ պայքարում ռադիկալ միջցների մասին՝ ներառյալ բուժաշխատողների պարտադիր պատվաստումը կամ լայն հասարակության համար բժշկական սպասարկման նոր կանոնները:

Ոստիկանությունը մի քանի անգամ կիրառել է արցունքաբեր գազ, երբ ցուցարարները շրջել են աղբամանները: Մի քանի ցուցարարներ, որոնք չեն մասնակցել բախումներին, կրել են «Ոչ առողջության անձնագրին» գրառմամբ կրծքանշաններ:

Մակրոնի ծրագրի քննադատները մեղադրում են նախագահին ազատությունները սահմանափակելու եւ այն մարդկանց խտրականության ենթարկելու մեջ, որոնք չեն ցանկանում պատվաստվել COVID-ի դեմ: Ծրագիրը նաեւ ենթադրում է, որ առեւտրի կենտրոններ, սրճարաններ, բարեր ու ռեստորաններ մուտք գործելու համար անհրաժեշտ է ստուգել բոլոր այցելուների առողջական վիճակը՝ սկսած օգոստոսից:

«Դա ամբողջովին կամայական որոշում է եւ բոլորովին ժողովրդավարական չէ»,-ասել է ցուցարարներից մեկը:

Ցույցեր են անցկացվել նաեւ այլ քաղաքներում, այդ թվում՝ Նանտում, Մարսելում եւ Մոնպելյեում: