Պատերազմի ժամանակ Աֆղանստանում ԱՄՆ-ի համար թարգմանիչ աշխատած եւ այժմ «Թալիբանի» հատուցումից վախեցող մոտ 20 000 աֆղանստանցի տարհանման հայտ է ներկայացրել։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին, տեղեկացնում է AP-ը։
Նրա խոսքով՝ նրանք զինվորականների կամ այլ կազմակերպությունների թարգմանիչներն են, որոնց թիրախավորել են թալիբները։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները նաեւ դիտարկում է թարգմանիչների ընտանիքների հայտարարությունները՝ չճշտելով, թե ընտանիքի քանի անդամի կթույլատրվի մեկնել ԱՄՆ։
Որոշ գնահատականներով՝ դուրս գալու իրավունք ունեցող մարդկանց թիվը կկազմի մոտ 100 000 մարդ։ Պաշտոնական անձինք հայտարարում են, որ տարհանումը կսկսվի այս ամիս։
Փսաքին ասել է, որ նրանք, ովքեր անվտանգության ստուգումն անցել են, կարող են ժամանակավորապես տեղակայվել ԱՄՆ ռազմակայանում։ Նրանց, ովքեր դեռ պետք է ստուգում անցնեն, սկզբում կուղարկվեն կամ ԱՄՆ ռազմակայան արտասահմանում, կամ երրորդ երկիր, «որտեղ նրանք անվտանգ կմնան այնքան ժամանակ, մինչեւ որ լուծվի նրանց վիզաների հարցը»։
Այնինչ, երկու բարձրաստիճան սենատորներ նախագահ Ջո Բայդենին կոչ են արել արագացնել տարհանումը եւ համոզվել, որ աֆղանստանցիները, որոնք օգնել են ԱՄՆ հատուկ ծառայություններին, նույնպես ներառվեն դրանում։ Նրանք կոչ են արել Բայդենին արագացնել SIV ծրագիրը, բայց նաեւ դիտարկել երրորդ երկրներ աֆղանստանցիների տարհանման եւ նրանց առաջնահերթ ուշադրություն հատկացնելու հնարավորությունը ԱՄՆ փախստականների ծրագրերի շրջանակում։





























