Կիպրոսի առափնյա պահպանության նավը հարձակման է ենթարկվել կղզու հյուսիս-արեւմուտքում Թիլիրիա շրջանում գտնվող Թուրքիայի առափնյա պահպանության ծառայության կողմից, հայտնում է Կիպրոսի CNA գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 16-ին, վաղ առավոտյան, ոչ ոք չի տուժել, գրում է «Կոմերսանտ»-ը:

Կիպրոսի առափնյա պահպանությունը պարեկություն էր իրականացնում Կատո Պիրգոսի առափնյա տարածքում, նավի վրա կար երեք մարդ: Տեղական ժամանակով մոտ 3:30-ին նավը նկատել էր Թուրքիայի առափնյա պահպանության նավը, այն գտնվում էր Կատո Պիրգոս նավահանգստից 11 մղոն հեռավորության վրա: Թուրքական մոտորանավը սկսել էր հետապնդել կիպրական նավը եւ կրակ էր բացել դրա վրա:

Թուրքիայի առափնյա պահպանությունն ընդհանուր չորս նախազգուշական կրակոց էր արձակել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Թուրքական առափնյա պահպանությունը հետապնդել է կիպրական նավին մինչ նավահանգիստ մտնելը, հաղորդում է կիպրական RIK ռադիոն:

Կիպրոսի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Խրիստոս Պիերիսը հաստատել է միջադեպի մասին տեղեկությունը եւ այն «լուրջ» է անվանել: Նա RIK-ին պատմել է, որ Կիպրոսը պարեկություն է իրականացնում ափամերձ շրջաններում՝ Թուրքիայից գաղթականների հոսքին դիմակայելու համար: