NEWS.am-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության աշխատակիցները Վերաքննիչ քրեական դատարանի մակագրումների համակարգիչը տարել են։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ այդ գործընթացն իրականացվում է, որ Սյունիքի համայնքապետերի բողոքների մակագրությունների գործին իշխանությանը ցանկալի լուծում տալու համար։

Նշենք, որ  ArmDaily.am-ի տեղեկություններով՝ իշխանությունները ցանկանում են ուղղորդել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով բողոքի քննությունը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը ցանկանում են մակագրել «յուրային» դատավորի։

«Հետք»-ն էլ գրում է, որ հուլիսի 20-ից «Դատալեքս» տեղեկատվական պորտալում գրեթե չեն թարմացվում տեղեկությունները, թե այդ օրվա դրությամբ ինչ գործեր են մուտքագրվել դատարաններ: Հուլիսի 20-ին միայն մի քանի քրեական գործ է մուտքագրվել համակարգ, իսկ մուտքագրված քաղաքացիական գործերը համարներ չունեն: Վարչական գործերով ընդհանրապես մուտքագրված տվյալներ չկան:

Ըստ կայքի՝ Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) քրեական գործ է հարուցվել, որը վերաբերում է դատավորներին գործերի մակագրմանը: Առգրավվել են Վերաքննիչ քրեական դատարանի մի քանի համակարգիչները: Դա է պատճառը, որ «Դատալեքս» տեղեկատվական պորտալում տեղեկատվությունը չի թարմացվում: Աղբյուրի փոխանցմամբ ԱԱԾ-ն այդ մասին այսօր հաղորդագրություն կտարածի: