Ջո Բայդենի վարչակազմը կհայտարարի Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների մասին, հայտնում է CNN-ը՝ հղում անելով Կոնգրեսի աղբյուրին:
Նրա խոսքով՝ այդ գործողությունների մասին պետք է հայտարարվի երկուշաբթի օրը: Առայժմ հայտնի չէ, թե ում կամ ինչ ոլորտների դեմ են ուղղված պատժամիջոցները: Բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ իր հանդիպումների ժամանակ Բայդենի վարչակազմին է փոխանցել այն ընկերությունների կոնկրետ ցուցակը, որոնց նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն:
Նա կոչ է արել ԱՄՆ վարչակազմին ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել՝ ասելով, որ սկզբնական պատժամիջոցները «ավելի խորհրդանշական եւ բարոյական էին»:
Հիշեցնենք, որ Տիխանովսկայան ԱՄՆ մայրաքաղաքում գտնվելու ընթացքում հանդիպել է նախագահ Ջո Բայդենի, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եւ Կոնգրեսի օրենսդիրների հետ:





























