Հարավային Կորեան, չնայած Հյուսիսային Կորեայի այն նախազգուշացմանը, թե զորավարժությունները կմթագնեն միջկորեական հարաբերությունները, որոշել է Միացյալ Նահանգների հետ զորավարժություններ անցկացնել ըստ նախատեսվածի, թեեւ համաճարակի պատճառով դրանք կկրճատվեն:

Yonhap-ը հայտնում է, որ ամառային վարժանքների անցկացման հարցը մեծ ուշադրության է արժանացել, հատկապես այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույր Կիմ Յո Չժոնը նախազգուշացրել է, որ զորավարժությունները կթուլացնեն հաշտարար տրամադրությունը այն բանից հետո, երբ Փհենյանը վերականգնել է թեժ գծերը Սեուլի հետ։

Նախատեսվում է, որ համակարգչային մոդելավորմամբ հրամանատարաշտաբային վարժանքները կանցկացվեն օգոստոսի 16-26-ը:

Հյուսիսային Կորեան վաղուց դեմ է նման զորավարժություններին եւ դրանք անվանում է «ներխուժման փորձ»:

«Առաջիկա զորավարժությունները կներառեն զորքերի նվազագույն մակարդակ, որը նույնիսկ ավելի քիչ կլինի, քան գարնանայինները, եւ բացօթյա վարժանքներ չեն լինի»,- ասել է աղբյուրը։

Անցյալ ամսվա վերջից Հարավային Կորեայում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճ է գրանցվել: