Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսն ասել է, որ չի հրաժարվի Ֆամագուստա վերադառնալու անքակտելի իրավունքն ապահովելու ջանքերից՝ հավելելով, որ թուրքական սադրանքներին հաջողությամբ դիմակայելու համար անհրաժեշտ է միասնություն, հայտնում է In-Cyprus-ը:
Ելույթ ունենալով Ֆամագուստայի քաղաքապետարանի կողմից կազմակերպված հակաթուրքական օկուպացիոն միջոցառման ժամանակ՝ նախագահը հիշատակել է Ֆամագուստա քաղաքը հետ գրավելու բազմաթիվ ջանքերը:
Խոսելով բանակցությունների մասին ՝ Անաստասիադեսը նշել է, որ «իր երաշխիքների եւ միջամտության իրավունքի պահպանման վերաբերյալ Թուրքիայի անհաշտ դիրքորոշումը ձախողման հանգեցրեց»: «Հետաքրքիր է, կա՞ արդյոք գոնե մեկ կիպրացի հույն, ով ինձ խորհուրդ կտա համաձայնել երաշխիքների շարունակման եւ արտաքին ուժերից ընդհանուր պետության կախվածության հետ»,- ասել է նա:
Անաստասիադեսը խոստացել է, որ չի հրաժարվի «ՄԱԿ-ի ուժեղ բանաձեւերով պաշտպանված քաղաք վերադառնալու անքակտելի իրավունքը ապահովելու» ջանքերից: «Թուրքիայի սպառնալիքներին հաջողությամբ դիմակայելու համար մենք պետք է միասնական լինենք»,- եզրափակել է նա:
Նրա խոսքով՝ Թուրքիայի սադրանքների դեմ «մենք բոլորս պետք է մտահոգված լինենք, որ միմյանց մեղադրելու փոխարեն, միասին աշխատենք եւ հաջողության հասնենք թուրքական ագրեսիան կասեցնելու հարցում»:





























