Giphy-ի հանդեպ Facebook-ի սեփականության իրավունքը վնաս կհասցնի անիմացիոն պատկերների մրցակցությանը, հայտարարել են Մեծ Բրիտանիայի կարգավորողները, իսկ դա նշանակում է, որ սոցիալական ցանցը վերջիվերջո կարող է ստիպված լինել չեղարկել գործարքը, հայտնում է AP-ը:

Մրցակցության եւ շուկաների վարչությունը հայտարարել է, թե իր հետաքննությունը ցույց է տվել, որ ձեռքբերումը վնաս կհասցնի սոցիալական ցանցերի հարթակների միջեւ մրցակցությանը, քանի որ կա միայն մեկ այլ խոշոր GIF մատակարար՝ Google-ի Tenor-ը:

Giphy-ի կարճ պարբերական տեսահոլովակների կամ GIF-երի գրադարանը հանրաճանաչ գործիք է համացանցի օգտագործողների համար:

Դիտորդի խոսքով՝ գործարքը նաեւ կնվազեցնի թվային գովազդի մրցակցությունը՝ հեռացնելով հավանական մրցակցին շուկայից: Մրցակցության եւ շուկաների վարչությունը ձեռքբերման գործարքը սկսել է ուսումնասիրել անցյալ տարի՝ այն բանից անմիջապես հետո, երբ Facebook-ը հայտարարեց 400 միլիոն դոլարով Giphy-ը ձեռք բերելու իր ծրագրի մասին:

Facebook-ը հայտարարել է, որ համաձայն չէ նախնական եզրակացությունների հետ, որոնք «ապացույցներով չեն հաստատվում»: «Ինչպես մենք ցույց տվեցինք, այս միաձուլումը բխում է Մեծ Բրիտանիայում եւ ամբողջ աշխարհում այն մարդկանց եւ ընկերությունների շահերից, որոնք օգտվում են Giphy-ից եւ մեր ծառայություններից»,- հայտարարել է Facebook-ը: «Մենք կշարունակենք աշխատել, որպեսզի ցրենք այն սխալ պատկերացումը, թե գործարքը վնասում է մրցակցությանը»: