Նյուրնբերգը Բավարիայի մեծությամբ երկրորդ քաղաքն է Մյունխենից հետո եւ Գերմանիայի ամենակարեւոր զբոսաշրջային վայրերից մեկը: Պատմության եւ ժամանակակիցների համար այն դարձել է նացիզմի նկատմամբ արդարադատության խորհրդանիշ՝ Նյուրնբերգում տեղի ունեցած գործընթացի համար (1945-1946թթ.) (ֆոտոռեպորտաժ):
Քաղաքի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 11-րդ դարի կեսերին եւ առաջին հերթին վերաբերում է Նյուրնբերգյան ամրոցին: Այսօր ամրոցի շուրջն են գտնվում Հին քաղաքը եւ ժամանակակից Նյուրնբերգը:
Սկսենք Հին քաղաքից: Այն գտնվում է կենտրոնական կայարանի անմիջապես դիմաց, այնպես որ ստիպված չեք լինի երկար փնտրել: Սա իսկապես կոլորիտային վայր է: Հսկայական դարպասներից մտնելուց անմիջապես հետո տպավորություն է ստեղծվում, որ ընկել ես հին գերմանական հեքիաթի մեջ: Նրանց հաջողվել է վերականգնել հին Նյուրնբերգը, որը մեծապես տուժել էր 1945 թվականի հունվարին քաղաքի ռմբակոծությունից հետո, երբ բրիտանական եւ ամերիկյան օդուժը ավերեց գրեթե ամբողջ քաղաքը: Դրան դժվար է հավատալ, քանի որ այժմ ռմբակոծությունից ամենափոքր հետք անգամ չի մնացել:
Հիմնական տեսարժան վայրերից է Սուրբ Լավրենտիա եկեղեցին (13-րդ դար): Գոթական ոճով եկեղեցին իր ներկայիս տեսքը ձեռք է բերել 15-րդ դարում: Հետպատերազմյան Գերմանիայում այն վերականգնելու համար պահանջվել է 4 տարի: Տեղացիները պատմել են, որ եկեղեցու գեղեցիկ զարդարված ճակատային հատվածը նախկինում քաղաքի հարստության եւ հատուկ կարգավիճակի ցուցիչն էր: Այնտեղ պահվում են բազմաթիվ քրիստոնեական եւ կայսերական մասունքներ, դեկորատիվ զոհասեղաններ:

Սուրբ Լավրենտիա եկեղեցի տանող փողոցի մյուս ծայրում կա ճարտարապետությամբ բոլորովին այլ եկեղեցի՝ Սուրբ Եղիսաբեթ մատուռը: Նախկինում կաթոլիկ մատուռի հարեւանությամբ հիվանդանոց է եղել (13-րդ դար), սակայն շենքը մի քանի անգամ քանդվել է, իսկ այսօրվա դասական առոգանությունը ստացել է միայն 18-րդ դարի վերջին: Եկեղեցու արտաքին տեսքը այն առանձնացնում է քաղաքի բազմաթիվ գոթական կառույցներից:
Ճանապարհն արգելափակվում է Պեգնից գետով, որը հոսում է Հին քաղաքի կենտրոնական մասով: Գետի ափին է գտնվում Heilig-Geist-Spital-ը (Սուրբ Հոգու հիվանդանոց, 14-րդ դար). նախկինում այն իսկապես հիվանդանոց էր, իսկ այսօր՝ ռեստորան եւ ծերանոց:

Ափի երկայնքով զբոսանքը Վենետիկն է հիշեցնում: Շատ են գեղեցիկ հին կամուրջները: Դրանցից մեկը Kettensteg շղթայական հետիոտնային կամուրջն է, որը կառուցվել է 1824 թվականին: Ի դեպ, սա Եվրոպայի ամենահին շղթայական կամուրջն է: 1909 թվականին փայտե կամուրջը փոխարինվեց երկաթե կամրջով, իսկ 2010 թվականից՝ նորացված եւ ավելի հուսալի կամրջով. այն նախկինի պես ճոճվում է, երբ քայլում են վրայով եւ զբոսաշրջիկների սիրելի վայրերից է:
Մեկ այլ հայտնի կամուրջ՝ Fleischbrücke-ը, կառուցվել է 16-րդ դարի վերջին: Այն ուշ վերածննդի ոճ ունի եւ այն սակավաթիվ կառույցներից է, որը չի վնասվել ռմբակոծության ժամանակ: Կամրջի կողքին ցլի արձան է տեղադրված, որի տակ լատիներեն մակագրությամբ գրություն կա՝ «Omnia habent ortus suaque in crementa sed ecce quem cernis nunquam bos fuit hic Vitulus» («Ամեն ինչ սկիզբ ունի եւ աճում է, սակայն ցուլը, որին այժմ նայում եք, երբեք հորթ չի եղել):
Հաղթահարելով Fleischbrücke-ը՝ հայտնվում ենք քաղաքի գլխավոր հրապարակում, որտեղ ամեն տարի նոյեմբերի վերջից մինչեւ դեկտեմբերի 24-ը անցկացվում էր Weihnachtsmarkt-ը (Սուրբ Ծննդյան տոնավաճառ): Ասյտեղ է գտնվում քաղաքի մեկ այլ հայտնի եկեղեցի` Մարիամ Աստվածածին եկեղեցին (14-րդ դար): Պատմությունը ցույց է տալիս, որ այն կառուցվել է հրեական սինագոգի տեղում: Այն իր չափերով զգալիորեն զիջում է քաղաքի մյուս եկեղեցիներին, սակայն, այնուամենայնիվ, զուրկ չէ գեղեցկությունից. 16-րդ դարի մեխանիկական ժամացույցներ` պատմական գործիչների հետ: Մինի ներկայացումը կարելի է տեսնել կեսօրին, երբ հնչում են զանգերը:
Եկեղեցու դիմաց է գտնվում Schöner Brunnen հետաքրքիր շատրվանը, որը նույնպես կառուցվել է 14-րդ դարում: Շատրվանի բարձրությունը գրեթե 19 մետր է, իսկ ձեւը հիշեցնում է գոթական տաճարների եկեղեցիների սայր: 40 քանդակներից բաղկացած շատրվանը նվիրված է Սրբազան Հռոմեական կայսրությանը եւ քրիստոնեությանը: Կարելի է տեսնել փիլիսոփայության եւ յոթ ազատ արվեստների քանդակներ (քերականություն, տրամաբանություն, հռետորաբանություն, թվաբանություն, երկրաչափություն, երաժշտություն, աստղագիտություն): Քրիստոնեական կերպարներից կան Եկեղեցու չորս հայրերը՝ Նոր Կտակարանից Մատթեոս, Մարկոս, Ղուկաս եւ Հովհաննես ավետարանիչները, Մովսեսը եւ յոթ մարգարեներ Հին Կտակարանից: Կան նաեւ պատմական դեմքեր՝ յոթ Կուրֆյուրստներ (գերմանացի իշխան-ընտրողներ, ովքեր իրավունք են ունեցել ընտրել Սրբազան Հռոմեական կայսրության կայսերը) եւ Ինը արժանավորներ (եվրոպական ազնվականության իդեալներ՝ Հեկտոր, Ալեքսանդր Մակեդոնացի, Գայոս Հուլիոս Կեսար, Դավիթ , Հուդա Մակավեյ, Արթուր թագավոր, Կառլոս Մեծ, Գոթֆրիդ Բուլյոնցի): Շատրվանը շրջապատված է ցանկապատով, որի հակառակ կողմերում կան երկու լուսնային օղակներ: Տեղացիներն ասում են, որ հաջողության համար պետք է պտտել դրանք:

Փողոցի երկայնքով կարող եք ուղիղ քայլել մինչեւ Նյուրնբերգյան ամրոց, որը գտնվում է Հին քաղաքի հյուսիսային մասում: Ճանապարհին կարող եք այցելել քաղաքի թանգարան, որի ճակատային մասում պահպանվել է արեւային ժամացույցը: Հին քաղաքում կան բազմաթիվ շինություններ, որոնք ճանապարհորդին տեղափոխում են միջնադար:

Եվ վերջապես, Նյուրնբերգյան ամրոցը: Ժամանակին այն ծառայում էր որպես Սրբազան Հռոմեական կայսրության մեծության եւ հզորության խորհրդանիշ: Նախկինում Նյուրնբերգը կոչվում էր «կայսերական Նյուրնբերգ քաղաք». նման անուն էր տվել Ֆրիդրիխ Բարբարոսան, ով մասնակցել էր խաչակրաց արշավանքներին Ռիչարդ Առյուծասիրտի հետ: Բերդի առաջին կառույցները կառուցվել են 11-րդ դարի սկզբին: Այնուհետեւ ամրոցը պարբերաբար նորացվում էր, քանի որ այն ոչ միայն կայսրերի եւ արիստոկրատների սիրած վայրն էր, այլեւ ռազմավարական կարեւոր կետ Բավարիայի սրտում: Ժայռի գագաթին գտնվող ամրոցն այսօր զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս քաղաքը տեսնել ինչպես ափի մեջ (ինչը նախկինում ազնվականների արտոնությունն էր):
Ամրոցը կից է Burggarten-ը (ամրոցի պուրակ): Դեկորատիվ ծառերն ու ծաղիկները, հանգստացնող կանաչ գույնը լավագույնս զարդարում են մռայլ եւ խստաշունչ ամրոցը:
Burggarten-ի կողքին է գտնվում գերմանացի նկարիչ, արեւմտաեվրոպական Վերածննդի դարաշրջանի հանճարներից մեկի՝ Ալբրեխտ Դյուրերի (1471-1528) տուն-թանգարանը: Դյուրերը Նյուրնբերգի ամենահայտնի բնիկներից է: Տունը, որտեղ նա ծնվել եւ ապրել է կյանքի մեծ մասը, առանձնապես աչքի չի ընկնում, քանի որ Հին քաղաքի շենքերի մեծ մասը կառուցված են նույն ոճով: Իսկ տուն-թանգարանը կարող եք ճանաչել Albrecht-Dürer-Haus փորագրությամբ, որը գրեթե միաձուլվում է պատի հետ:
Թեեւ բոլոր թանգարանները, եկեղեցիներն ու պալատները փակ են համավարակի պատճառով, այն, ինչ կարելի է տեսնել, տպավորում եւ վառ հիշողություններ է ապահովում:
Հեղինակ՝ Տանյա Ղազարյան





























