Մեծ Բրիտանիայի հետազոտողները ցույց են տվել, որ Աֆրիկայից հին մարդու վերաբնակեցման ժամանակի եւ ճանապարհի վրա էականորեն ազդել է այն ժամանակվա կլիման: Մերձավոր Արեւելքի դաժան պայմանները եւ նեանդերթալցիների մրցակցությունը այն պատճառներն են, որոնց համար մարդն անմիջապես չի վերահաստատվել ամբողջ աշխարհում, հայտնում է Lenta ն՝ հղում անելով Nature Communications-ին:
Քեմբրիջի համալսարանի գիտնականները վերջին 300 000 տարվա պալեոկլիմայական վերակառուցում են իրականացրել: Հաշվի առնելով որսորդ-հավաքողների գոյատեւման համար անհրաժեշտ տեղումների նվազագույն քանակը՝ մասնագետները նշել են ամենահարմար ժամանակահատվածները, որոնց ընթացքում Homo sapiens-ները կարող էին հեռանալ Աֆրիկայից՝ այլ վայրերում հաստատվելու համար:
Մարդը Ասիա կարող էր ներթափանցել երկու եղանակով՝ Սինայի անցումով եւ Բաբ-էլ-Մանդեբի նեղուցով, երբ այն բավական նեղ էր ծովի մակարդակի նվազման պատճառով: Առաջին դեպքում պարբերական հնարավորություններ ընձեռվում էին 246-200 հազար տարի առաջ, 130-96 հազար տարի առաջ եւ մոտ 78 հազար տարի առաջ ընկած ժամանակահատվածներում: Մարդիկ, որոնք, հավանաբար, նույնիսկ ծովագնացների հմտություններ չունեին, կարող էին նեղուցը հատել 242-275 հազար տարի առաջ, եւ 182-145 հազար տարի առաջ: Ավելին, մոտ 65 հազար տարի առաջ երկու ճանապարհներն էլ միաժամանակ «բաց» են եղել։
Հետազոտողների գնահատականները համընկնում են հնագիտական եւ գենետիկական տվյալների հետ, որոնք ցույց են տալիս, որ վերջին 300 հազար տարվա ընթացքում Homo sapiens-ը բազմիցս փորձել է հեռանալ Աֆրիկայից մինչեւ վերջին, ամենազանգվածային եւ հաջողված միգրացիոն ալիքը, որը տեղի է ունեցել մոտ 65 հազար տարի առաջ:
Գիտնականները վաղ վերաբնակեցումների ձախողումը պայմանավորում են Մերձավոր Արեւելքի, մասնավորապես՝ Արաբական թերակղզու շրջակա միջավայրի դժան պայմաններով, ինչպես նաեւ նեանդերթալցիների եւ, հնարավոր է, դենիսովցիների հետ մրցակցությամբ:





























