Իսրայելի կրոնական իշխանությունները մտահոգված են Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ իրենց սուրբ օրենքների վերաբերյալ մեկնաբանություններով եւ պարզաբանումներ են պահանջում, հայտնել է Reuters-ը:  

Սուրբ աթոռի հետ Իսրայելի գլխավոր ռաբբինատի հանձնաժողով նախագահ, ռաբբի Ռասոն Արուսին իր նամակում նշել է, որ Պապի մեկնաբանությունները, ըստ երեւույթին, հուշում են, որ հրեական օրենքը հնացել է: Վատիկանի իշխանությունները հայտարարել են, որ ուսումնասիրում են նամակը:

Ռաբբի Արուսին նամակը գրել է այն բանից մեկ օր հետո, երբ օգոստոսի 11-ին Հռոմի պապը խոսել է Թորայի՝ հրեական Աստվածաշնչի առաջին հինգ գրքերի մասին:

Թորան պարունակում է հարյուրավոր պատվիրաններ, որոնց հրեաները պետք է հետեւեն իրենց առօրյա կյանքում:

Պապը, անդրադառնալով Նոր Կտակարանում Թորայի մասին Պողոս Առաքյալի ասածներին, ասել է. «Օրենքը (Թորան), սակայն, կյանք չի տալիս: Այն չի առաջարկում խոստման իրականացումը, քանի որ ի վիճակի չէ այն կատարել... Նրանք, ովքեր կյանք են փնտրում, պետք է նայեն խոստմանը եւ դրա կատարմանը»:

Ռաբբի Արուսին գլխավոր ռաբբինատի անունից նամակ է ուղարկել կարդինալ Կուրտ Կոխին, որի՝ Վատիկանի վարչությունում է ներառված հրեաների հետ կրոնական հարաբերությունների հանձնաժողովը:

«Իր քարոզում Պապը ներկայացնում է քրիստոնեական հավատքը ոչ միայն որպես Թորայի փոխարինող, այլ նաեւ պնդում է, որ վերջինս այլեւս կյանք չի տալիս՝ ենթադրելով, որ ներկայիս դարաշրջանում հրեական կրոնական պրակտիկան հնացել է», - ասվում է Արուսիին ուղղված նամակում: «Ըստ էության, սա հրեաների եւ հուդայականության նկատմամբ «արհամարհանքի ուսմունքի» անբաժանելի մասն է, որը, մեր կարծիքով, ամբողջությամբ մերժվում է եկեղեցու կողմից», - ասել է նա: