Մշտապես կատարելագործվող տեխնոլոգիաները եւ աշխատանքի վարձատրությունը խնայելու հնարավորությունը արագորեն մեծացնում են ռոբոտների ժողովրդականությունը խոշոր ընկերություններում: ԱՄՆ-ում ռոբոտների վարձույթով զբաղվող ընկերություններ են հայտնվել: Սակայն միջին եւ փոքր բիզնեսները չեն շտապում արտադրության մեջ փոխարինել մարդկանց, գրել է Reuters-ը:
Փոքր գործարանները հաճախ սահմանափակ քանակությամբ արտադրանք են արտադրում, ուստի նրանց ձեռնտու չէ օգտագործել ռոբոտների աշխատանքը: Silicon Valley Robotics-ը, որը ներդրումներ է կատարում արտադրության ավտոմատացման մեջ, հաստատել է, որ արդյունաբերության զարգացմանը վաղուց խոչընդոտում են հենց տնտեսական նկատառումները: Այնուամենայնիվ, որոշ ներդրողներ այժմ ուշադրություն են դարձնում այս շուկային: Ոլորտում ամենախոշոր Tiger Global-ը յոթ ամսվա ընթացքում աջակցել է ռոբոտաշինության երեք ընկերությունների, որոնք առաջարկում են բաժանորդագրվել «նորարար աշխատողներին»:
Initialized Capital-ի գործընկեր Գերի Տանը կարծում է, որ համակարգչային տեսողության եւ արհեստական ինտելեկտի ավելի կատարյալ եւ էժան տեխնոլոգիաների համադրությունը, վարկավորման ցածր տոկոսադրույքները եւ Չինաստանից մատակարարումների դժվարությունների բացակայությունը մեծացնում են ռոբոտներին բաժանորդագրվելու հետաքրքրությունը:
Բոբ Ալբերտը, որի ընտանիքը 105 տարի է՝ Չիկագոյում մետաղների դրոշման գործարան ունի, ուրախությամբ համաձայնել է ռոբոտին ժամում 10 դոլարից պակաս վճարելու առաջարկին, երբ միջին աշխատողը գործարանում ստանում է 20 դոլար: Սակայն հետագայում Ալբերտը տեսել է, որ արհեստական բանականությունը միշտ չէ, որ ճիշտ որոշումներ է կայացնում, ինչը վնասում է արտադրությանը:
«[Ռոբոտ] Մելվինը աշխատում է 24 ժամ, բոլոր երեք հերթափոխներով՝ դրանով իսկ փոխարինելով երեք լիարժեք օպերատորների: Այս տարի մենք ստիպված եղանք զգալիորեն բարձրացնել աշխատավարձերը՝ կապված աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Եվ բարեբախտաբար, Մելվինի աշխատավարձը չբարձրացավ: Նա բարձրացում չի պահանջում», - իր փորձով կիսվել է պլաստմասսայի փոքր գործարանի տնօրեն Թեմմի Բարրասը, որը սկսել է օգտագործել ռոբոտին 2020 թվականի սկզբին: Գործարարը Rapid Robotics ընկերությունից երեք ռոբոտ է վարձակալել: Նման կերպ գործարանի սեփականատերը տարեկան շուրջ 180 հազար դոլար աշխատավարձ է տնտեսում:
Բարրասը, որի գործարանում աշխատում է 102 մարդ, խոստովանում է, որ այսօր ռոբոտները չեն կարող ամբողջությամբ փոխարինել մարդկանց, քանի որ նրանք կարող են կատարել միայն պարզ ու կրկնվող առաջադրանքներ, օրինակ՝ արտադրվող ապրանքի անհրաժեշտ հատվածում փակցնել ընկերության պատկերանշանը:





























