Կորոնավիրուսային համավարակի ժամանակ, երբ միլիոնավոր մարդիկ հայտնվեցին ինքնամեկուսացման մեջ եւ անցան հեռավար աշխատանքի, համաշխարհային տնտեսության մեջ մասշտաբային վերափոխում տեղի ունեցավ: Ներկայումս շատ ընկերություններ նախընտրում են աշխատանքի նոր «հիբրիդային» ձեւ՝ համատեղելով հեռավար եւ գրասենյակային աշխատանքը: Ըստ Bloomberg-ի՝ համավարակը քաղաքների կենտրոնները պակաս գրավիչ է դարձրել աշխատակիցների համար:
Տնտեսագետները հաշվարկել են, որ «հիբրիդային» աշխատանքին անցումը կհարվածի ԱՄՆ քաղաքների կենտրոններին, որտեղից, ինչպես ցույց է տվել պրակտիկան, կորոնավիրուսի համավարակի ժամանակ, երբ մեծ թվով աշխատակիցներ աշխատում էին հեռավար կարգով, մարդկանց արտահոսք էր տեղի ունոնում: Սրճարաններում, խանութներում եւ վարսավիրանոցներում վաճառքները նույնպես նվազել են: Բացի այդ, մեկուսացման շրջանում կենտրոն մեկնելու անհրաժեշտության բացակայությունը հանգեցրեց հասարակական տրանսպորտով ուղեւորությունների կրճատման: Օրինակ, Մանհեթենում հանգստի վրա ծախսերը կնվազեն առնվազն 13 տոկոսով, փոխանցում է «Լենտա»-ն:
Աշխատանքի ձեւի վերափոխումը ցավալի հետեւանքներ կունենա բազմաթիվ քաղաքային ձեռնարկությունների համար: Տնտեսագետները նշում են, որ «վերակազմավորում» է տեղի ունենում, որը կվերակենդանացնի փոքր քաղաքներն ու արվարձանները: «Կանաչ» արվարձաններում անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը մեծացել է:
Կորոնավիրուսի «դելտա» շտամն արագորեն տարածվում է աշխարհով մեկ, եւ աշխատակիցներին գրասենյակ վերադարձնելու պլանները հաճախ հետաձգվում են: Շատ ընկերություններ ցանկանում են համատեղել հեռավար աշխատանքի առավելությունները գրասենյակային հանդիպումների արդյունավետության հետ: Google-ը թույլ կտա աշխատակիցներին երկու օր անցկացնել «այնտեղ, որտեղ նրանք ավելի լավ են աշխատում»: Ֆինանսական խորհրդատվական Lazard ընկերությունը հետեւում է դրա օրինակին: State Street-ն ընդհանրապես կփակի Մանհեթենի իր երկու գրասենյակները՝ մասնակի առաջնահերթություն տալով հեռավար աշխատանքին:




























