Լոս Անջելեսում ավելի քան 6 միլիոն դոլարով աճուրդի է հանվել ատրճանակը, որից սպանվել է «Վայրի Արեւմուտքի» հանցագործ Բիլի Քիդը, ինչը կրկնակի գերազանցում է նախավաճառքի գինը, հայտնում է U.S. News-ը:

Bonhams-ի աճուրդի մասնակիցները պատմել են, որ «Կոլտ» տեսակի ատրճանակը, որը շերիֆ Փեթ Գարեթը 1881 թվականին օգտագործել էր Բիլի Քիդին սպանելու համար, հեռախոսով է գնվել մարդու կողմից, ով ցանկացել է անհայտ մնալ:

Bonhams-ը, ով ատրճանակն անվանել է «վաղ վայրի արեւմուտքի պատմության ամենանշանավոր գանձը», ասել է, որ 6.03 միլիոն դոլար գինը համաշխարհային ռեկորդ է հրազենի համար: Ակնկալվում էր, որ այն 2-ից 3 միլիոն դոլար կբերի:

Billy the Kid-ը հետախուզվում էր Արիզոնայում եւ Նյու Մեքսիկոյում ութ մարդու սպանության համար: Ամիսներ շարունակ հետապնդվելուց հետո Գարեթը նրան գտել էր Նյու Մեքսիկո նահանգի Ֆորտ Սումներ քաղաքի ռանչոյում եւ գնդակահարել էր նրան 1881 թվականի հուլիսի 14-ին: Բիլի Քիդը 21 տարեկան էր: