Բուլղարական ֆուտբոլային թիմի մարզիչը հանդիպման ժամանակ մահացել է կայծակի հարվածից: BTA պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել կիրակի Բուլղարիայի երկու գյուղերի՝ Լեսիչովոյի եւ Չերնոգորովոյի թիմերի միջեւ ընկերական հանդիպման ժամանակ:
Հյուրերի թիմի մարզիչ 41-ամյա Իվան Ռանչեւը տեղում մահացել է կայծակի հարվածից ուժեղ ամպրոպի ժամանակ՝ խաղի մեկնարկից անմիջապես հետո:
Հարվածի ալիքը տապալել է եւս մի քանի խաղացողների, սակայն նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել:
Լեսիչովոյի համայնքապետ Դիմիտար Վրինչեւը ԶԼՄ-ներին հայտնել է, որ ֆուտբոլային հանդիպումը սկսվել էր երեկոյան 18:30-ին, որից կարճ ժամանակ անց անձրեւ էր սկսվել: «Ուժեղ ամպրոպ էր, եւ դաշտին կայծակ հարվածեց», - ասել է նա: «Կայծակը հարվածեց Իվան Ռանչեւին եւ մեր թիմի ֆուտբոլիստին: Երկուսն էլ ընկան գետնին»:




























