Բրազիլական Արասատուբա քաղաքում բանկի կողոպտիչները պատանդներին կապել են իրենց մեքենաներին՝ որպես «կենդանի վահան», որպեսզի կողոպուտից հետո կարողանան փախչել, հաղորդել է BBC-ն:
Ոստիկանությունը հայտնել է, որ առնվազն երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ կասկածյալ: Պաշտոնյաները հայտնել են, որ կողոպուտին մասնակցել է ավելի քան 50 մարդ, որոնք փակել են ճանապարհները այրվող ավտոմեքենաներով եւ պայթուցիկ սարքեր տեղադրել ամբողջ քաղաքում:
Վերջին տարիներին հաճախակի են դարձել բանկերի կողոպուտները, որոնցում հանցագործները պատանդներին օգտագործում են որպես «կենդանի վահան»:
Արասատուբայի քաղաքապետ Դիլադոր Բորխեսը ասել է, որ ոստիկաններն անում են հնարավորը: «Ոստիկանությունը չի կարող հարձակվել, չի կարող դիմադրել նրանց, քանի որ վտանգված են շատ կյանքեր», - ասել է նա Band TV-ին: Բորխեսն ասել է, որ չգիտի՝ կողոպտիչները պատանդներին ազատ արձակե՞լ են, թե ոչ, սակայն հայտնել է, որ անվտանգության ուժերը վերականգնել են քաղաքի կենտրոնի վերահսկողությունը: Քաղաքապետը մարդկանց հորդորել է մնալ տանը՝ նախազգուշացնելով նրանց պայթուցիկ սարքերի վտանգի մասին:
Հանցագործների լավ զինված բանդան երկուշաբթի վաղ առավոտյան հարձակվել է Արասատուբայի կենտրոնում գտնվող երեք բանկերի վրա: Կողոպուտից հետո բանդան պատանդներ է վերցրել եւ շրջապատել տեղի ռազմական ոստիկանության բաժանմունքը: Բանդայի անդամները փակել են նաեւ դեպի քաղաք տանող հիմնական ճանապարհները՝ այրելով ավտոմեքենաներ, հայտնել են տեղական լրատվամիջոցները:
Հեռուստալրագրող Յուրի Մակրին տեսանյութ է հրապարակել, որում, ըստ նրա, ֆիքսվել է փախուստի համար նախատեսված երկու մեքենա:
Շատ բնակիչներ հայտնել են, որ լսել են կրակոցներ եւ նույնիսկ պայթյունների ձայներ: Ոստիկանությունը հաստատել է մեկ կասկածյալի եւ երկու այլ անձանց մահը: Եվս երեքը վիրավորվել են: Երկու կասկածյալ ձերբակալվել է:
G1 լրատվական կայքը հայտնել է, որ բանդան անօդաչուներ է օգտագործել՝ օդից ոստիկանության շարժումները վերահսկելու համար:
Սա առաջին դեպքը չէ, երբ Արասատուբան դառնում է բանկերի կողոպտիչների զոհ: 2017 թվականին հանցագործները վերահսկողություն են հաստատել քաղաքի տարբեր ռազմավարական կետերի վրա, հարձակումներ իրականացրել ոստիկանական բաժանմունքների վրա եւ փակել ճանապարհները՝ մասնավոր ընկերությունը թալանելիս:
Այս լավ ծրագրված կողոպուտները մաս են կազմում այն բանի, ինչ բրազիլացիները կոչում են նոր «Կանգասո»՝ նկատի ունենալով տերմինը, որն առաջին անգամ օգտագործվել է՝ նկարագրելու բանդիտիզմը, որը պատուհասել էր Բրազիլիայի որոշ հատվածներ 1920-30-ական թվականներին:
Նախընտրելի թիրախները փոքր ու միջին քաղաքներն են եղել:
Անվտանգության հարցերով փորձագետ Գուարասի Մինգարդիի խոսքով՝ մասշտաբային կողոպուտները հաճախակիացել են 2015 թվականին: Թիրախը բանկերն ու ընկերություններն են, որոնք պահում եւ տեղափոխում են թանկարժեք իրեր:




























