Անհայտ հիվանդությունը, որի պատճառով Հնդկաստանում մահացել է գրեթե 70 մարդ, կարող է հարուցված լինել դենգե տենդով, որը տարածում են մոծակները։ Նման կարծիք են հայտնել Ուտար-Պրադեշի իշխանությունները, որտեղ բռնկվել է այդ հիվանդությունը, հաղորդում է India TV-ն։
Առողջապահության հարցերով տարածաշրջանի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամիթ Մոհան Պրասադը հայտնել է, որ պետական իշխանություններն արդեն համապատասխան ծանուցումներ են ստացել։
Հնդկաստանի ԱՆ տվյալներով՝ վարակվածների մեծամասնության մոտ նկատվում է բարձր ջերմություն, ջրազրկում եւ արյան մեջ թրոմբոցիտների մակարդակի անկում։ Այլ պացիենտների մոտ գրանցվել է սուր միգրեն, մկանացավ, սրտխառնոց, ավշային հանգույցների մեծացում։





























