Կլիմայի փոփոխության հետեւանքով առաջացած տարերային աղետները, ինչպիսին են ջրհեղեղները եւ ջերմային ալիքները, վերջին 50 տարիների ընթացքում ավելացել են հինգ անգամ, ինչի հետեւանքով զոհվել է ավելի քան 2 միլիոն մարդ, եւ ընդհանուր վնասը կազմել է 3,64 տրիլիոն դոլար: Այս մասին ասվում է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության զեկույցում, հայտնում է Reuters-ը:
Դրանում ուսումնասիրվել են 1970-2019 թվականներին տեղի ունեցած գրեթե 11 000 բնական աղետները, ներառյալ՝ խոշոր աղետները, ինչպիսին է 1983թ. Եթովպիայի երաշտը, որը ամենամահացու իրադարձությունն էր, որի հետեւանքով զոհվեց 300 000 մարդ, եւ 2005թ. «Կատրին» փոթորիկը, որը ամենածախսատարն էր՝ 163,6 մլրդ դոլարի կորուստներով:
ՀՕԿ-ը հաճախականության աճը բացատրում է ինչպես կլիմայի փոփոխությամբ, այնպես էլ բնական աղետների մասին տեղեկատվության բարելավմամբ: «Մեր վաղ ահազանգման կատարելագործված ծառայության շնորհիվ մենք կարողացանք նվազեցնել նման աղետների հետեւանքով զոհերի թիվը, սակայն վատ նորությունն այն է, որ տնտեսական կորուստները շատ արագ են աճում, եւ այդ աճը կշարունակվի»,- ասել է ՀՕԿ-ի գլխավոր քարտուղար Պետերի Թաալասը:
«Կլիմայի փոփոխության պատճառով մենք կտեսնենք ավելի շատ կլիմայական արտակարգ երեւույթներ, եւ այս բացասական միտումը կշարունակվի առաջիկա տասնամյակներում»,- ասել է նա:
Զեկույցը ցույց է տվել արագացնող միտում՝ 1970-ականներից մինչեւ վերջին տասնամյակ բնական աղետների թիվը գրեթե հնգապատկվել է, ինչը լրացուցիչ նշան է, որ եղանակային արտակարգ երեւույթները հաճախանում են գլոբալ տաքացման պատճառով:
Այս իրադարձությունների արժեքը նույնպես 1970-ականների 175,4 մլրդ դոլարից 2010-ականներին հասել է 1,38 տրլն դոլարի:
Զեկույցում ասվում է, որ 2 միլիոն մահվան դեպքերի ավելի քան 91%-ը գրանցվել է զարգացող երկրներում, եւ նշվում է, որ ՀՕԿ 193 անդամների միայն կեսը ունի վաղ նախազգուշացման համակարգ:
Նա նաեւ հայտարարել է, որ եղանակային դիտարկումների «լուրջ բացերը», հատկապես Աֆրիկայում, խաթարում են վաղ նախազգուշացման համակարգերի ճշգրտությունը:





























