Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ Վաշինգտոնի հետ անվտանգության հարաբերություններն ամրապնդելու եւ ԱՄՆ վարչակազմին համոզելու համար խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նոր գազատարի նկատմամբ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Զելենսկին Վաշինգտոնի անկարողությունն արգելափակել դեպի Գերմանիա «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումը քաղաքական կոպիտ սխալ է անվանել: Սա այն է, ինչի վրա նա հույս ուներ հրավիրել ԱՄՆ նախագահի ուշադրությունը հանդիպման ընթացքում:

Զելենսկին գազամուղը որպես Ռուսաստանի համար հզոր աշխարհաքաղաքական զենք է բնութագրել, որը 2014 թվականին անեքսիայի ենթարկեց ուկրաինական Ղրիմը եւ աջակցեց անջատողական ապստամբությանն Ուկրաինայի արեւելքում:

Վաշինգտոնը կտրականապես դեմ էր «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցմանը, սակայն Բայդենի վարչակազմը որոշեց չպատժել նախագիծը վերահսկող գերմանական ընկերությանը՝ նոր պատժամիջոցներ հայտարարելով  ռուսական ընկերությունների եւ նավերի դեմ:
Վաշինգտոնը կտրականապես դեմ է հանդես եկել «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցմանը, սակայն Բայդենի վարչակազմը որոշեց չպատժել նախագիծը վերահսկող գերմանական ընկերությանը՝ նոր պատժամիջոցներ  հայտարարելով ռուսական ընկերությունների եւ նավերի դեմ:

Զելենսկին զգուշացրել է, որ «Հյուսիսային հոսք 2»-ը մեծ հաղթանակ կլինի Մոսկվայի համար եւ «անձնական պարտություն» Բայդենի համար:

Այս հայտարարություններն արտացոլում են Ուկրաինայի մտավախությունը, որ նոր գազամուղը կզրկի 3 միլիարդ դոլարի տարեկան վճարներից դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման դիմաց՝ խարխլելով դրա ռազմավարական նշանակությունը եւ այն ավելի խոցելի դարձնելով Կրեմլի ճնշումների համար:

Ուկրաինական «Նաֆտոգազ» նավթագազային պետական ​​ընկերության ղեկավար Յուրի Վիտրենկոն Associated Press-ին հայտարարել էր, որ Ուկրաինան ԱՄՆ-ին կհորդորի խստացնել «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցները: «Մենք այդ մասին շատ բարձրաձայն կխոսենք, քանի որ դա Ուկրաինայի, տարածաշրջանի եւ, ինչպես կարծում ենք, Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցն է»,- ասել էր Վիտրենկոն:

Ուկրաինան ԱՄՆ-ին եւ Գերմանիային կոչ է արել ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ երկարաձգելու Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թվականին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ է տվել այդպիսի երկարաձգում, սակայն նշել է, որ դա կախված կլինի Եվրոպայում ռուսական գազի պահանջարկից:

Ուկրաինացի պաշտոնյաները պնդում են, որ ԱՄՆ-ի եւ Գերմանիայի միջեւ Ուկրաինայի համար որոշակի փոխհատուցում առաջարկող համաձայնագիրը բավարար չէ:

«Մենք կշարունակենք ընդգծել, որ «Հյուսիսային հոսք 2»-ի խնդիրը ինչ-որ փոխհատուցումների հարց չէ,- ասաց Վիտրենկոն:- Դա սպառնալիք է Ուկրաինայի անվտանգության համար, քանի որ եթե Ուկրաինայի տարածքով գազի ֆիզիկական տարանցում չլինի, դա կբարձրացնի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լայնածավալ պատերազմի հավանականությունը, եւ դա չի բխում Ուկրաինայի շահերից, չի բխում Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների շահերից»:

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հույս է հայտնել, որ բանակցությունները կօգնեն «Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունը նոր մակարդակի հասցնել»: Նա Associated Press-ին հայտարարել էր, որ Ուկրաինայի՝ ԱՄՆ-ի կողմից անվտանգության ոլորտում աջակցության ավելացման ձգտումը «բացարձակապես կարեւոր է լինելու եւ բացարձակապես կենտրոնական բոլոր քննարկումներում»:

Ուկրաինան ձգտում է նաեւ անդամակցել ՆԱՏՕ-ին: