Թուրքիայի տնտեսությունը ռեկորդային աճ է գրանցել 2020 թվականին պանդեմիայի պատճառով կրճատումից հետո, գրում է Bloomberg-ը։

Տարեկան կտրվածքով ՀՆԱ-ն ավելացել է 21,7 տոկոսով․ դա ռեկորդային ցուցանիշ է 1999 թվականից ի վեր։

Տվյալների հրապարակումից հետո լիրան ամրապնդվել է դոլարի նկատմամբ 0,3 տոկոսով եւ հասել ամենաբարձր ցուցանիշին սկսած հունիսի 11-ից։ Տնտեսությունը, որը գնահատվում է 765 մլրդ դոլար, գերազանցել է Մեծ քսանյակի երկրների մեծ մասին։ Արտահանումն աճել է 59,9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 19,3 տոկոսով։

Անցած տարի Թուրքիայի ՀՆԱ-ն  նվազել է 10,4 տոկոսով պանդեմիայի պատճառով։ ՀՆԱ ռեկորդային աճի վրա ազդել է նաեւ տնային տնտեսությունների սպառման մեծացումը։ Քաղաքացիները սկսել են 22,9 տոկոսով ավելի ակտիվ գնել ապրանքներ՝ համեմատած 2020 թ․ հետ։  

Սակայն փորձագետները կասկածի տակ են դրել Թուրքիայի համար լավատեսական կանխատեսումը։ Garanti BBVA բանկից վերլուծաբան Ալվարո Օրտիսը կարծում է, որ  առանցքային խնդիրը ոչ թե ՀՆԱ աճն է, այլ չվերահսկվող գնաճը։

2020-ին Թուրքիան նվազեցրել է տոկոսադրույքն ու խթանել բնակչությանը վարկեր վերցնել, որպեսզի բարձրացնի սպառման մակարդակն ու տնտեսությունը հանի ճգնաժամից։ Կառավարական միջոցները հանգեցրել են 20 տոկոսով ազգային արժույթի թուլացման եւ ապրանքների արժեքի աճի։ Ամենամեծ խնդիրը, որին բախվել է ԿԲ ղեկավար Շահապ Քավջիօղլուն, դա գնային կայունության վերականգնում է՝ նախագահ Թայիփ Էրդողանի՝ առանցքային տոկոսադրույքը նվազեցնելու կոչերի ֆոնին։ Եվրոպան երկրորդ եռամսյակում ոչ այդքան դինամիկ, սակայն չափավոր աճ է գրանցել։ Եվրագոտու ՀՆԱ-ն բարձրացել է 2 տոկոսով։ Ինչպես եւ Թուրքիան, եվրագոտու երկրները բախվել են ռեկորդային գնաճի։