Անգլիայի տարբեր կրոնական կազմակերպություններում երեխաների հանդեպ սեռական բռնությունների հետաքննությունը պարզել է «ցնցող փաստեր» այն մասին, թե ինչպես են կրոնական կազմակերպությունները վերաբերվում նման մեղադրանքներին, հայտնում է AP-ն:
Երեխաների սեռական բռնության անկախ հետաքննությունը ուսումնասիրել է Անգլիայի եւ Ուելսի 38 կրոնական կազմակերպություններում երեխաների պաշտպանության հարցերը, ներառյալ՝ Եհովայի վկաները, բապտիստները, մեթոդիստները, իսլամի հետեւորդները, հուդայականությունը, հինդուիզմը, սիկխիզմը եւ քրիստոնեական ոչ կոնֆորմիստական դավանանքները: Այն հիմնված է եղել այս տարվա սկզբին երկշաբաթյա հանրային լսումների ապացույցների վրա:
Պարզվել է, որ 2015-2020 թվականներին երեխաների նկատմամբ բռնության դեպքեր իրականացրած բոլոր հայտնի հաստատությունների 11%-ում տեղի է ունեցել կրոնական կազմակերպությունների կամ հաստատությունների շրջանակներում: Կասկածյալների մոտ 10%-ը աշխատել կամ առնչվել է կրոնի հետ:
Այնուամենայնիվ, հետաքննությունները պարզել են, որ նման դեպքերի մասին քիչ է հաղորդվում, եւ ստացված տվյալները «կասկած չեն թողնում, որ երեխաների հանդեպ սեռական բռնությունը տեղի է ունենում կրոնական ծեսերի լայն շրջանակում»:
Պարզվել է, որ որոշ կրոնական հաստատություններ չունեն երեխաների պաշտպանության քաղաքականություն:
«Հավատացյալների համար գուցե դժվար է ընդունել, որ իրենց ժողովի անդամները կամ կրոնական առաջնորդները կարող էին բռնություն գործել»,- ասվում է զեկույցում: «Արդյունքում, ոմանք կարծում են, որ կարիք չկա երեխաների պաշտպանության հատուկ ընթացակարգեր ունենալ կամ խստորեն հետեւել դրանց»:
Զեկույցը բերում է օրինակներ, այդ թվում՝ չորս զոհի, որոնք 9 տարեկանում սեռական ոտնձգությունների են ենթարկվել ուսուցչի կողմից, ով նրանց սովորեցրել է Ղուրանը: Ուսուցիչը դատապարտվել է 2017թ.։
Բացի այդ, տղան 7-10 տարեկան հասակում բռնության էր ենթարկվել Միավորված ռեֆորմիստական եկեղեցու հետ կապված ավետարանական կազմակերպության նշանավոր առաջնորդի կողմից կիրակնօրյա դպրոցական ճամբարում եւ այլուր: Հանցագործը դատապարտվել է 2017թ.՝ տեղի ունեցած բռնությունից տասնամյակներ անց:
Հազարավոր զոհերի մասնակցությամբ երկարատեւ հետաքննությունը անդրադարձել է նաեւ բրիտանական պետական մարմինների եւ օրենսդիրների հետ կապված երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ մեղադրանքներին: Սպասվում է, որ նրա վերջնական զեկույցը հաջորդ տարի կներկայացվի խորհրդարանին:





























