Աֆղանստանի նոր կառավարությունը նախկին նախարարությունների կեսով կձեւավորվի ամենակարճ ժամկետներում, սակայն դրանում կին նախարարներ չեն լինի, ասել է թալիբների շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք հնարավորինս շուտ ազգային միասնության կառավարություն կձեւավորենք: Մենք կցանկանայինք կոմպակտ կառավարություն ստեղծել՝ նախկին նախարարությունների կեսով»,- հայտարարել է նա իտալական la Repubblica թերթին տված հարցազրույցում:
Նրա խոսքով` «մեծ հարցական նշան» է շարունակում մնալ Փանջշերի շրջանի բնակչությունը, որի հետ երկխոսությունն արդյունք չի տալիս: «Խաղաղ գործընթացը, որի հույսը մենք ունեինք, բարդանում է: Մենք պահանջեցինք Փանջշերի զորքերին հանձնվել` կառավարություն մտնելու համար, հակառակ դեպքում նրանք կջախջախվեն»,- ասել է թալիբների ներկայացուցիչը:
Պատասխանելով հարցին` արդյոք կանայք կարող են անդամակցել երկրի նոր կառավարությանը, Մուջահիդը պատասխանել է. օրինակ՝ դատական համակարգում ՝ որպես օգնականներ»: Բացի այդ, նշել է Մուջահիդը, աֆղանցի կանայք կկարողանան սովորել համալսարաններում:
Խոսելով Աֆղանստանի նոր իշխանությունների միջազգային կապերի մասին՝ թալիբների ներկայացուցիչն ասել է, որ Չինաստանն իրենց հիմնական գործընկերն է, որը «հիմնարար եւ անհավանական հնարավորություն է ներկայացնում՝ պատրաստ լինելով ներդրումներ կատարել եւ վերականգնել երկիրը»:
«Չինաստանը մեր դարպասն է դեպի աշխարհի շուկաներ»,- հավելել է Մուջահիդը:
Նա նաեւ հերքեց Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցման մասին կարծիքը, թեեւ ասաց, որ «նման տպավորություն կարող է ստեղծվել»:
«Մենք շարունակում ենք գերազանց հարաբերություններ պահպանել այնպիսի կարեւոր գործընկերոջ հետ, ինչպիսին է Ռուսաստանը, որն առանցքային դեր է խաղում տարածաշրջանում: Մոսկվայի հետ հարաբերությունները հիմնականում քաղաքական ու տնտեսական են: Ռուսաստանը շարունակում է մեզ համար միջնորդ մնալ եւ մեզ հետ միասին մասնակցում է միջազգային խաղաղության պայմանների ստեղծմանը»,- ասել է շարժման ներկայացուցիչը:





























