Չինաստանի իշխանություններն արգելել են հեռուստաալիքներին «կնանման տղամարդկանց» ցուցադրել, հաղորդում է «Լենտա»-ն` վկայակոչելով AP News-ը:

Հեռարձակողներին հանձնարարվում է վճռականորեն կանխել «կնանման տղամարդկանց» եւ այլ «ոչ նորմալ էսթետիկայի» հայտնվելն իրենց հաղորդումներում: Երկրի իշխանությունների կարծիքով՝ փոփ աստղերի ու դերասանների էլեգանտ կերպարները չեն խրախուսում չինացի երիտասարդներին բավարար տղամարդկային լինել: Հեռուստաալիքները պետք է նաեւ խստորեն վերահսկեն շոուի համար դերասանների ընտրությունը, նրանց տեսքը եւ վարքը եթերում:

Բացի այդ, կառավարությունը դեմ է հանդես եկել հարստության եւ փառքի պաշտամունքի խթանմանը: Մասնավորապես, արգելքի տակ է հայտնվել մարդկանց անձնական կյանքի քննարկումը: Ըստ ՉԺՀ իշխանությունների՝ դա չի արտացոլում երկրի արժեքները: Փոխարենը խրախուսվում է «չինական գերազանց ավանդական մշակույթի, հեղափոխական մշակույթի եւ սոցիալիզմի առաջադեմ մշակույթի» ներկայացումը: