Բելառուսի Հանրապետության հետ սահմանին ցանկապատի կառուցումը Լիտվայում սեպտեմբերի կեսին կսկսվի: Այսպիսի որոշում է կայացվել նախագծի իրագործմանը վերահսկող կառավարական հանձնաժողովի նիստում, որը գլխավորում է վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն, հայտնում է կաբինետի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Sputnik- Լիտվան»:

«Նախագիծը կիրականացվի երկու փուլով: Դրուսկինինկայ քաղաքի մոտակայքում մոտ 100 կմ երկարությամբ ամենախնդրահարույց հատվածում ցանկապատի կառուցման առաջին փուլը կսկսվի սեպտեմբերի կեսին»,- ասված է հաղորդագրության մեջ: Ընդհանուր առմամբ, ցանկապատով նախատեսվում է պաշտպանել սահմանի մոտ 500 կիլոմետրը:

Տարեսկզբից Լիտվայում Բելառուսի հետ սահմանին ավելի քան 4100 անօրինական միգրանտ է ձերբակալվել: Սա 55 անգամ ավելի է, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում: Վիլնյուսը միգրացիոն ճգնաժամի համար Մինսկին է մեղադրում: