Բրազիլիայի Ալագոաս նահանգում 38-ամյա Շառլին Ֆերեյրա Ռոդրիգեսը սեփական կյանքի գնով փրկել է երկու խեղդվող անծանոթ տղամարդկանց, հայտնում է Daily Mirror-ը:

Ընկերների հետ լողափին հանգստանալիս Ռոդրիգեսը նկատել է, թե ինչպես են երկու հարբած տղամարդիկ ջուրը մտնում եւ շուտով սկսում խեղդվել: Ականատեսների վկայությամբ՝ բրազիլուհին նետվել է նրանց օգնելու եւ չորս րոպե փորձել է նրանց ափ հանել, սակայն սկսել է ինքը խեղդվել:

Միջադեպին ականատես է եղել նաեւ նախկին փրկարար, ով օգնել է նրանց դուրս գալ ջրից: Տղամարդկանցից մեկը, որի անունը չի նշվում, բժշկական օգնության կարիք չի ունեցել: Երկրորդ տղամարդը՝ 28-ամյա Կահիրե Սեզար Պիմենտել Ֆելիպեն, եւ Ռոդրիգեսը տեղափոխվել են հիվանդանոց:

Սեզար Պիմենտել Ֆելիպեն ողջ է մնացել, սակայն նրա վիճակի մանրամասները չեն հրապարակվում: Ռոդրիգեսը հիվանդանոցում մահացել է սրտի կանգի հետեւանքով:

Իշխանությունների տվյալներով՝ այն վայրը, որտեղ տղամարդիկ ջուրն են մտել, վտանգավոր է՝ ստորջրյա ուժեղ հոսանքների պատճառով: Նախկինում այնտեղ խեղդվող վեց մարդու են փրկել: