Կորոնավիրուսային համավարակը ճանապարհների վրա իրավիճակի կտրուկ փոփոխության է հանգեցրել. սահմանափակումների եւ հեռավար աշխատանքային ռեժիմի պատճառով մարդիկ սկսել են շատ ավելի քիչ երթեւեկել ավտոմեքենայով: Սակայն, ինչպես վկայում է ԱՄՆ Ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային վարչության (NHTSA) զեկույցը, չնայած ավելի քիչ կիլոմետրեր անցնելուն, ՃՏՊ-ների հետեւանքով մահացության մակարդակը 2021 թվականի առաջին եռամսյակում զգալիորեն աճել եւ նույնիսկ ռեկորդ է սահմանել վերջին 12 տարում, հայտնում է Motor-ը:
Այս տարվա առաջին երեք ամիսներին ԱՄՆ-ում ավտովթարների հետեւանքով զոհվել է 8730 մարդ, իսկ 2020-ի առաջին եռամսյակում` 7.900 մարդ: Այդպես, մահացության մակարդակն աճել է 10.5 տոկոսով, սակայն NHTSA-ն նշում է, որ սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին 12 տարվա ընթացքում: Ընդ որում, անցած տարածությունը նվազել է 2.1 տոկոսով` մոտ 24 միլիարդ կիլոմետր: Մահացության գործակիցը 1.26 է կազմել 100 միլիոն մղոնի համար, 2020 -ի առաջին եռամսյակում այդ ցուցանիշը 1.12 էր կազմում, իսկ 2019-ին՝ ընդամենը 1.05: Ինչ վերաբերում է տարվա առաջին եռամսյակի զոհերի ընդհանուր թվին, ապա ներկայիս մահացության մակարդակն ավելի բարձր է, քան նախորդ 12 տարիների ցանկացած եռամսյակում: Մահացության նման զգալի աճի պատճառը վերագրվում է վարորդների վարքագծին:
NHTSA-ում նշել են, որ վարորդները շատ ավելի ռիսկային դարձել վարելիս: Ճանապարհատրանսպորտային պատահարների մահվան ամենատարածված պատճառներն էին արագության գերազանցումը, ալկոհոլը կամ թմրանյութերը, ամրագոտիների անտեսումը եւ վտանգավոր կերպ ավտոմեքենա վարելը: «Մենք պետք է լուծենք ճանապարհներից մարդկանց ողբերգական մահվան խնդիրը անվտանգության նկատմամբ տրանսֆորմացիոն եւ համատեղ մոտեցման միջոցով: Բոլորը, ներառյալ նրանք, ովքեր նախագծում, շահագործում, կառուցում եւ օգտագործում են ճանապարհային համակարգը, պատասխանատվություն են կրում անվտանգության համար»,- ասել է NHTSA- ի ղեկավարի պաշտոնակատար Ստիվեն Քլիֆը:





























