Փանջշերում դիմադրության առաջնորդ Ահմադ Մասուդը դիմել է Աֆղանստանի ժողովրդին եւ կոչ արել բոլոր աֆղանստանցիներին ապստամբել «Թալիբանի» դեմ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Որտեղ էլ որ լինեք՝ արտասահմանում, թե երկրում, կոչ ենք անում ձեզ համընդհանուր ապստամբություն սկսել՝ մեր հայրենիքի ազատագրության եւ փառաբանման նպատակով։ Թող ապստամբի յուրաքանչյուրը, ինչպես կարող է»,- ասել է Մասուդը հրապարակված տեսադիմումում։

«(Հայտնի իրադարձություններից հետո ստեղծված) այս պատկերն այնպիսին է, որ Աֆղանստանը դառնալու է հետամնաց, խավար ու որեւէ մշակույթից, դաշինքներից ու իրադարձություններից հեռու երկիր, ինչպես նաեւ... հայտնվելու է քաղաքական եւ տնտեսական մեկուսացման մեջ ամբողջ աշխարհի կողմից»,- ասվում է Մասուդի հրապարակած տեսադիմումում։

Փանջշերում դիմադրության առաջնորդ Ահմադ Մասուդը հայտարարել է, որ այդ նահանգում վերջերս տեղի ունեցած բախումները ցույց են տվել, որ «օտարերկրյա ուժերը» թալիբների հետ կռվում են Աֆղանստանի ժողովրդի դեմ։

«Գրոհները ցույց տվեցին, որ օտարերկրյա ուժերը վաղուց թալիբների հետ են եւ դեռեւս հանդես են գալիս Աֆղանստանի ժողովրդի դեմ»,- ասել է Մասուդը հրապարակված տեսադիմումում։

Մեկ ամիս առաջ թալիբներն ակտիվացրին հարձակումը կառավարական ուժերի դեմ եւ օգոստոսի 15-ին մտան Քաբուլ։ Հաջորդ օրը թալիբները հայտարարեցին, որ պատերազմն ավարտվել է, իսկ կառավարման ձեւը պետությունում կպարզվի մոտ ժամանակներս։ Օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ զինվորականները հեռացան Քաբուլի օդանավակայանից՝ վերջ դնելով մոտ 20 տարվա ամերիկյան ռազմական ներկայությանն Աֆղանստանում։

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 6-ին, թալիբները հայտարարեցին, որ Փանջշերը աֆղանական 34 նահանգներից վերջինն է, որ մարտերով անցել է իրենց վերահսկողության տակ, եւ երեք շաբաթվա մեջ երկրորդ անգամ հայտարարեցին պատերազմի ավարտի մասին։ Տեղի դիմադրության շարժման ուժերն, իրենց հերթին, Ահմադ Մասուդի գլխավորությամբ, հերքել են Փանջշերի գրավման մասին տեղեկությունը։