Պարզվում է, որ իրականությանը չեն համապատասխանում բոլոր այն հայտարարությունները, թե 1992-93 թվականներին, երբ Հայաստանում «մութ ու ցուրտ» էր, ծնունդները երկրում կտրուկ նվազել են: Ինչպես այսօր ասուլիսում հայտարարեց դեմոգրաֆ Ռուբեն Եգանյանը, 1990 թ. ծնվել է 79 900 երեխա, 1991թ.` 77 825, իսկ 1992թ.` 70 581: Նվազման հսկայական անկում սկսել է գրանցվել հաջորդ տարիներին, իսկ 2001 թվականին գրանցվել է նվազագույն` 32 000 ծնունդ:
2001 թվականից սկսած ծնունդների աճ է գրանցվել եւ 2008-ին ծնունդների թիվը կազմել է 41 000, ինչը գրեթե կրկնակի քիչ է, քան 1992 թվականի ծնունդների թիվը: Ըստ Եգանյանի, սա պայմանավորված է ոչ թե ծնելիության մակարդակի բարձրացումով, այլ ամուսնությունների քանակով, քանի որ վերարտադրության շրջան են մտել բարձր ծնելիության ցուցանիշով աչքի ընկած տարիներին ծնվածները:
«Ծնելիության խիստ անկում կլինի, երբ վերարտադրության փուլ մտնեն 1990-ականների վերջերին եւ 2000-ականների սկզբին ծնվածները»,-ասել է նա:
Ռ. Եգանյանի խոսքով, հայաստանյան ընտանիքների միայն 10 տոկոսում է, որ երրորդ երեխան են ունենում: «Այսօր Հայաստանում սկսում է ամրագրվել մեկ երեխայով ընտանիքի մոդելը: Գոնե պետք է վերականգնել երկու երեխայով ընտանիքի մոդելը», ասել է նա ու հավելել, որ այսօր յուրաքանչյուր կնոջը բաժին է ընկնում 1.4 երեխա: Եգանյանը նաեւ արդյունավետ չի համարում ֆինանսական խրախուսումների գործող համակարգը՝ տրվող գումարի քիչ եւ անարդյունավետ լինելու պատճառով:
Նշենք, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի տվյալների, 2009-ին գրանցվել է 44 413 ծնունդ եւ 27 650 մահ՝ 2008 թվականի 41 185 ծնունդի եւ 27 412 մահվան դիմաց: Բացի այդ, 2010 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում հաշվառման են կանգնել 1915 հոգի, իսկ հաշվառումից դուրս գալու ցանկություն են հայտնել 2813-ը: Այս նույն ժամանակահատվածում ուղեւորափոխադրումների ծավալը կազմել է 568 600 հոգի, որից 282 889-ը` ժամանողներ են, իսկ մեկնողների թիվը` 285 648 է: Բալանսը բացասական է եւ կազմում է 2759 մարդ: Մեկնողների ավելի քան 50 տոկոսը գնում է Ռուսաստան:


























