Եթե դու պետական բյուջեի միջոցով բացում ես օտարալեզու դպրոցներ, որն անընդունելի է ցանկացած երկրում, ապա դա պետք է լինի ըստ պահանջի, եւ քանի մարդ դիմեց այդպիսի դպրոց գնալու համար, այդքան էլ դպրոց պետք է ունենաս՝ մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հանրային խորհրդի» նախագահ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով օտարալեզու դպրոցները վերաբացելու մասին կառավարության առաջարկին։ Ըստ այդ առաջարկի՝ օտարալեզու պետք է լինեն հանրակրթական դպրոցների մեկ տոկոսը։ Վ. Մանուկյանն ասել է, թե այդ ձեւակերպումը ծիծաղելի է, քանի որ հայտնի չէ, թե ո՞վ է որոշելու այդ տոկոսը լրացե՞լ է, թե՞ ոչ, եւ այդ մեկ տոկոսի մեջ հատկապես ու՞մ երեխաները պետք է լինեն։ «Եթե ես իմ երեխային բերել եմ ու ասում եմ՝ ընդունեք, դուք ի՞նչ սահմանադրական իրավունք ունեք ասելու, որ սահմանված մեկ տոկոսը լրացել է»,- նկատել է Վ. Մանուկյանը։ Նա նաեւ հավելել է, թե նման ձեւակերպումը կա՜մ հասարակությանը խաբելու նպատակ ունի, կա՜մ էլ չհասկանալու արդյունք է։
Հարցին՝ որո՞նք են կառավարություն նշված առաջարկի դրդապատճառները՝ «Հանրային խորհրդի» նախագահն արձագանքել է. «Ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորել, բայց այս ծրագրի մեջ կա գավառամտություն։ Գավառամտությունն այն է, որ դու քեզ համարում ես երկրորդ սորտի մարդ ու դու գիտես, որ քո լեզվով ոչ մի բանի չես հասնի եւ պետք է ձեւ անես, որ անգլիացի ես, կամ ռուս ես»։ Մանուկյանն այնուհետ հավելել է. «Ես Մոսկվայում եմ սովորել։ Նրանց, ովքեր ռուսերենին լավ չէին տիրապետում, նրանց նույնչափ հարգանքով էին վերաբերվում։ Իսկ երբ դու փորձում էիր ռուս ձեւանալ, դու դառնում էիր երկրորդ սորտի մարդ»։
Մյուս հարցին՝ կառավարության առաջարկը ներքի՞ն նախաձեռնության արդյունք է, թե՞ այլ պետությունների կողմից պարտադրված քայլ է, Վազգեն Մանուկյանը պատասխանել է. «Աշխարհում բոլոր երկրների մեջ կա մրցակցություն։ Ամեն մեկն ուզում է իր ազդեցությունը տարածել մյուսի վրա։ Դու ինչ էլ ուզում ես երկրի ներսում անել, մեկին ձեռնտու կլինի, մյուս վնաս։ Դրա համար երբեք պետք չէ նայել, թե դրսից ի՞նչ են ուզում։ Արա այն, ինչ քո համար է ճիշտ»։


























