Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկում է բանակում ծառայելու ժամկետը կրճատել՝ դարձնել մեկուկես տարի, եւ բոլոր 18 տարին լրացածներին զորակոչել բանակ։ Նա այս առաջարկն արել է՝ ելնելով այն հանգամանքից, որ կառավարությունը բանակը լրացնելու համար ստիպված է եղել այս տարի երկու անգամ կրճատել մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի տարկետման իրավունքով տեղերի քանակը։ Նման մոտեցումն, ըստ Մանուկյանի, մի շարք խնդիրներ է առաջացնելու. ավելացելու է կոռուպցիայի տոկոսը կրթական համակարգում, ինչպես նաեւ մի շարք ուսանողներ զրկվելու են ուսումը մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում շարունակելու հնարավորությունից։ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ իր հնչեցրած ռադիկալ առաջարկը մեկ փաթեթով կլուծի միաժամանակ կոռուպցիայի, ինչպես նաեւ պետպատվերի հետ կապված խնդիրները։ «Երբ դու բանակ ես տանում ինչ-որ մասին, ինչ-որ մասին չես տանում, հիվանդներին մի կողմ թողած, դու միայն ավելացնում ես կոռուպցիայի աստիճանը Հայաստանում, իսկ կոռուպցիայի աստիճանը մեծացնելով՝ փչացնում ես կրթական համակարգը, զրկվում ես ապագա գիտնականներից եւ ուսյալ մարդկանցից»,-հայտարարել է Հանրային խորհրդի նախագահը։

Վ. Մանուկյանը հայտարարել է նաեւ, որ Հանրային խորհուրդը համապատասխան խմբեր է ձեւավորել՝ իր այս եւ մյուս առաջարկները խորքային քննարկման ենթարկելու համար։