ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը կրթության վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել խորհրդարանին: Ինչպես այսօր` մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է դաշնակցական պատգամավորը, այդ օրինագծով արտոնություններ պետք է տրվեն բարձրլեռնային եւ սահմանամերձ բնակավայրերում ապրող՝ բարձրագույն կրթություն ստանալ ցանկացողներին:
Նրանք իրավունք են ստանում անվճար կրթություն ստանալ Հայաստանի բուհերում: Նրանք պետք է պայմանագիր կնքեն, որի համաձայն՝ ուսումն ավարտելուց հետո պետք է վերադառնան իրենց բնակավայր եւ 5 տարի աշխատեն այնտեղ: Այս ծրագրից կարող են օգտվել նրանք, ովքեր վերջին 10 տարում հաշվառված են եղել ու բնակվում են վերոնշյալ բնակավայրերում:
Ուսանողներին ընտրելու համար պետք է մրցույթ անցկացվի, որոշվի, թե որ բնակավայրը ինչ մասնագետի պակաս ունի, եւ ըստ այդ պահանջի գործուղվի ուսանողը: Առաքելյանը ընդգծել է, որ այդ բնակավայրերն ամենաշատը կարիք ունեն ուսուցիչների եւ բժիշկների: Օրինագծի համաձայն, այն ուսանողները, ովքեր կխախտեն պայմանագիրը եւ չեն վերադառնա, ստիպված կլինեն վճարել այն ամբողջ գումարը, որ պետությունը ծախսել է նրանց վրա:
Նշենք, որ Ռ. Առաքելյանի նախագիծն արդեն հավանության է արժանացել կառավարությունում եւ ԱԺ կրթության հարցերի հանձնաժողովում:


























