«Թալիբան» շարժման գրոհայինները օդում կրակ են բացել՝ Քաբուլում ցուցարարներին ցրելու համար, հայտնում է Reuters-ը:
Հարյուրավոր տղամարդիկ եւ կանայք, բացականչելով «Կեցցե դիմադրությունը» եւ «Մահ Պակիստանին» կարգախոսները, դուրս են եկել փողոց՝ ի նշան բողոքի «Թալիբան»-ի կողմից իշխանության գրավման դեմ: Հարեւան Պակիստանը սերտ կապեր ունի թալիբների հետ եւ մեղադրվում է իսլամիստական խմբավորմանն իշխանության վերադառնալուն օգնելու մեջ:
AP-ի փոխանցմամբ՝ թալիբները ցույցը լուսաբանող մի քանի աֆղանցի լրագրողի են ձերբակալել:
Ձերբակալվածների թվում եղած եւ հետագայում ազատ արձակված աֆղան լրագրողը The Associated Press-ին ասել է, որ իրեն պատժել են թալիբները: «Նրանք ինձ ստիպեցին քիթս քսել գետնին եւ ներողություն խնդրել բողոքի ցույցը լուսաբանելու համար»,- ասել է նա՝ անվտանգության նկատառումներով նախընտրելով անանուն մնալ: «Աֆղանստանում լրագրությունն ավելի ու ավելի դժվար է դառնում»,- հավելել է նա:
Աֆղանական TOLOnews հեռուստաալիքը հայտնել է, որ ձերբակալվածների թվում է նրա օպերատոր Վահիդ Ահմադին:
Այն պահից, երբ թալիբները վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի վրա, տեղեկություններ են հայտնվել, որ թալիբները ծեծել եւ սպառնացել են լրագրողներին:




























