«Հանրային խորհուրդը» մեկ-երկու ձեռնպահ ձայներով դեմ է քվեարկել Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացման վերաբերյալ կառավարության առաջարկին։ Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հանրային խորհրդի» նախագահ Վազգեն Մանուկյանը։ Վերջինս, ի դեպ, եւս ռուսական դպրոց է ավարտել։ «Ազգային ժողովրդավարների միություն»-ը, որը ղեկավարում է Վ. Մանուկյանը, մոտ ժամանակներս եւս հանդես է գալու հայտարարությամբ, որում դեմ է արտահայտվելու հիշատակված դպրոցների վերաբացմանը։

Ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկի դիտարկմանը՝ գուցե դուք դեմ եք այդ դպրոցների բացմանը, քանի որ ուզում եք փակե՞լ այն մարդկանց ճանապարհը, ովքեր ուզում են հաջողության հասնել՝ Վ. Մանուկյանը շփոթված պատասխանել է. «Բայց ես ինչի՞ եմ հասել, որ»։ «Հանրային խորհրդի» նախագահն այնուհետ ավելացրել է՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանն ավարտել է հայկական դպրոց՝ դարձել է հանրապետության նախագահ, Սերժ Սարգսյանը նույնպես ավարտել է հայկական դպրոց, դարձել է նախագահ….»։ Այսինքն ձեր նախագահ չդառնալու պատճառն այն է, որ դուք ռուսական դպրո՞ց եք ավարտել՝ դիտարկմանն էլ Վ.Մանուկյանը վրդովված արձագանքել է. «Բայց ես այդպիսի բան չասացի…»։