Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը կանխատեսել է, որ ԱՄՆ-ը «կվերադառնա Աֆղանստան»՝ ճնշելու այն, ինչ աճող ահաբեկչական սպառնալիք կդառնա:
Գրեմը թերահավատորեն է վերաբերվում նախագահ Ջո Բայդենի այն հայտարարությանը, որ ԻԳԻԼ-ի, Աֆղանստանում «Իսլամական պետության» ճյուղի եւ այլ խմբավորումներից եկող սպառնալիքը հնարավոր է զսպվել հեռվից՝ մեծապես անօդաչուների հարվածներով:
«Մենք կվերադառնանք Աֆղանստան», - կանխատեսել է Գրեմը: «Մենք ստիպված կլինենք, քանի որ սպառնալիքը շատ մեծ կլինի»:
Նա նախազգուշացրել է, որ Աֆղանստանը դառնալու է «արմատական իսլամական վարքագծի կաթսա»՝ չնայած թալիբների առաջնորդների հավաստիացումներին, որ թույլ չեն տա, որպեսզի երկիրը ապաստանի վերածվի նման խմբերի համար, ինչպիսիք են «Ալ-Քաիդան» եւ «Իսլամական պետությունը»: Նրա խոսքով՝ թալիբները «կդառնան ապաստան «Ալ-Քաիդայի» համար, որը հավակնություն ունի մեզ ամբողջովին վտարել Մերձավոր Արեւելքից եւ հարձակվել մեզ վրա՝ մեր ապրելակերպի պատճառով»: «Մենք կվերադառնանք Աֆղանստան, ինչպես վերադարձանք Իրաք եւ Սիրիա», - ավելացրել է նա:





























