Կրթությունը միայն գիտելիք տալը չէ, դա նաեւ միաձույլ բնավորություն ձեւավորելն է, որը տալիս է միայն ազգային դպրոցը՝ մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը։ Նա հիշեցրել է, որ խորհրդային տարիներին, երբ գործում էին ռուսական դպրոցները, հակամարտություն կար այդ ու հայկական դպրոցների միջեւ։ «Կար երկու սորտի մարդ, ռուսական դպրոց ավարտածներն իրենց համարում էին առաջին սորտի մարդ, իսկ հայկական դպրոցներն ավարտածներին՝ երկրորդ սորտի։ Բացի այդ, ռուսական դպրոցներում սովորում էին մտավորականների երեխաների զգալի մասը, պաշտոնյաների երեխաները, եւ պետության հիմնական ուշադրությունն էլ կենտրոնանում էր ռուսական դպրոցների վրա»։ Վ. Մանուկյանը նկատել է, թե այսպիսով երկփեղկվածություն կար հասարակության մեջ. «Մենք այդ փորձը տեսել ենք, ինչո՞ւ ենք ուզում նորից մտնել դրա մեջ, փոխանակ այդ փորձն ուսումնասիրենք»,-ասել է Մանուկյանը եւ կոչ արել կառավարությանը՝ ետ վերցնել նախագիծը։
Նա անդրադարձել է այն փաստարկներին, որոնք բերվում են ի օգուտ օտարալեզու դպրոցների վերաբացման մասին կառավարության առաջարկին։ Փաստարկներից մեկն այն է, որ այսպիսով կխթանվի օտար լեզուների իմացությունը, իսկ ներկայումս օտար լեզվի որակյալ մասնագետների պակաս կա։ Վ. Մանուկյանն ասել է, թե ամեն տարի տասնյակ ուսանողներ են ընդունվում արտասահմանում գործող բուհեր, սակայն վերադառնալով Հայաստան՝ նրանք այդպես էլ աշխատանք չեն կարողանում գտնել։ «Խնդիրն այն չէ, որ մենք օտար լեզվի լավ մասնագետներ չունենք, այլ այն, որ նրանք Հայաստանում աշխատելու տեղ չունեն»,-արձանագրել է Հանրային խորհրդի նախագահը։
Հաջորդ փաստարկն այն է, որ Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը քիչ է, քանի որ ինտերնետի լեզուն անգլերենն է։ Ըստ Մանուկյանի, պատճառը բոլորովին այլ է. «Ինտերնետը կենսական անհրաժեշտություն չէ Հայաստանում։ Այն հիմնականում օգտագործվում է կամ որպես զվարճալիք, կամ էլ թերթային տեղեկատվություն կարդալու համար»,-ասել է Մանուկյանը՝ հավելելով, որ եթե ինտերնետը կենսական անհրաժեշտություն լիներ, ապա կիջեցվեին դրա սակագները, որպեսզի բնակչությունը համատարած օգտվելու հնարավորություն ունենար։


























