Միացյալ Նահանգներն ավելի քան 3 միլիոն դոլար են հատկացրել չղջիկների մոտ կորոնավիրուսների առաջացման եւ մարդկանց փոխանցման ռիսկերի հետազոտմանը՝ դրամաշնորհ տրամադրելով մի քանի գիտական ​​կազմակերպությունների, այդ թվում՝ Չինաստանի Ուհան քաղաքի Վիրուսաբանության ինստիտուտին, գրում է Intercept ինտերնետ ռեսուրսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պարբերականը պնդում է, որ իր տրամադրության տակ եղել է 900 էջ նյութ Չինաստանում վիրուսաբանական հետազոտությունների համար ԱՄՆ ֆինանսավորման թեմայով, այդ թվում՝ 2014-2019 թվականներին Առողջապահության ազգային ինստիտուտի դրամաշնորհի մասին-:

«Նախագիծը նպատակ ունի օգնել պարզաբանել, թե որ գործոններն են թույլ տալիս կորոնավիրուսներին զարգանալ կենդանիների մոտ եւ փոխանցվել մարդկանց՝ ուսումնասիրելով վիրուսների բազմազանությունը կենդանիների (չղջիկների) կրիտիկական խմբում այն վայրերում, որտեղ բարձր վտանգ է առաջանում (վայրի բնության շուկաներ) նոր հիվանդությունների առաջացման օջախում (Չինաստան)»,- ասվում է փաստաթղթում:

Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը՝ կորոնավիրուսային համավարակի ապագա էպիկենտրոնը, նշված է դրամաշնորհառուների թվում:

Նյութերի հրապարակումը եւս մի հիմք է տվել ենթադրությունների համար, որ COVID-19-ի առաջացմանը կարող էր նպաստել ամերիկացի հարկատուների կողմից ֆինանսավորվող նախագիծը:

ԱՄՆ հետախուզական համայնքն ավելի վաղ խոստովանել էր, որ չունի բավարար տեղեկատվություն՝ որոշելու՝ արդյոք կորոնավիրուսը բնական երեւույթ է, թե Ուհանի լաբորատորիայի արտահոսքի արդյունք: