Սկսնակ հնագետ Օլե Գիներուպ Շիտցը Ելինգի (Յութլանդիա) շրջակայքում իր նախկին համադասարանցուն պատկանող հողամասում գտել է Դանիայում երբեւէ հայտնաբերված ամենամեծ ոսկե գանձերից մեկը, տեղեկացնում է The Irish Sun-ը։
Շիտցը որոնման վրա ընդամենը մի քանի ժամ է ծախսել։ Նրա նոր մետաղորսիչը ուժեղ ազդանշան է արձակել, որը լսվում էր հողի տակից։
Տղամարդու խոսքով՝ նրա բախտը շատ է բերել։
«Դանիայի մակերեսը 43 հազար քառակուսի կիլոմետր է։ Բայց ես որոշեցի սարքը փորձարկել հենց այնտեղ, որտեղ գանձ էր գտնվում»,- ասել է նա։
Արդյունքում՝ դանիացին հայտնաբերել է թանկարժեք մետաղից պատրաստված 22 առարկա։ Գտածոն մոտ մեկ կիլոգրամ քաշ ուներ։
Այդ նմուշների շարքում կան մեծ կախազարդեր՝ զարդարված սկանդինավյան Օդին աստծո եւ Հռոմի կայսր Կոնստանտինի պատկերներով, այլ արժեքավոր իրեր։
Փորձագետները կարծում են, որ գանձերը հողի տակ են եղել մոտ մեկուկես հազարամյակ։ Առարկաների մի մասը պատկանում է VI դարին։
Այժմ նախատեսում են ոսկին ցուցադրել Վայլեում, այնուհետեւ տանել Դանիայի Ազգային թանգարան։





























