Ես չէի ասի, թե մեր կուսակցությունը վերջերս արտառոց ակտիվության է ցուցաբերում. պարզապես զարմանում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աշխատանքային առօրյա գործունեությունը որակվում է որպես անսպասելի ակտիվություն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ երեկ Գյումրի կատարած այցին։
Նրա խոսքով, մարզային այցելությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամենօրյա աշխատանքի մի մասն են կազմում։ «Մեր կուսակցությունը ակտիվ է եղել երեկ, ակտիվ է այսօր եւ ակտիվ է լինելու վաղը։ Ինչ վերաբերում է երեկ կուսակցության նախագահի՝ Գյումրի կատարած այցին, ապա դրա նպատակը մարզային կառույցի հաշվետվությանը մասնակցելն է եղել, ինչի մեջ, կարծում եմ՝ արտառոց ոչինչ չկա»,- նշեց Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ, հնարավոր է, ԲՀԿ աշխատանքային առօրյան որպես արտառոց ակտիվություն ընկալվում է մյուս կուսակցությունների պասիվության ֆոնի վրա։ «Չեմ ցանկանում այլ կուսակցությունների աշխատանքներին գնահատականներ տալ, այլ պարզապես ուզում եմ ասել, որ մենք ընդամենը աշխատում ենք»,- ընդգծեց ԲՀԿ պատգամավորը։
Հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եթե ոչ արտահերթ, ապա գոնե հերթական համապետական ընտրություններին, Զոհրաբյանը նկատեց։ «Իրեն հարգող յուրաքանչյուր կուսակցություն համապետական ընտրությունների հաջորդ իսկ օրվանից իր աչքի առաջ պետք է ունենա հաջորդ ընտրությունները։ Ես լուրջ չեմ վերաբերի այն քաղաքական ուժին, որն ընտրություններում որոշակի քվեներ ստանալուց հետո չմտածի հաջորդ ընտրությունների մասին։ Այնպես որ, 2007 թվականի ընտրությունների հաջորդ օրվանից իսկ „Բարգավաճ Հայաստանը“ նախապատրաստվում է 2012-ի հերթական ընտրություններին»,- ամփոփեց Զոհրաբյանը։



























