Կես միլիարդ տարի առաջ օվկիանոսները լցված էին արարածներով, որոնք ավելի շատ նման էին այլմոլորակայինների, քան մեր այսօրվա ծովային կենդանիներին: Հետազոտողները հայտնաբերել են մի անսովոր արարածի բրածո, որը, ամենայն հավանականությամբ, հսկայական է եղել եւ ապրել է 500 միլիոն տարի առաջ, հաղորդում է CNN-ը:

Պարզունակ հոդվածոտանիների խմբին պատկանող ռադիոդոնտները լայնորեն տարածված են եղել 541 միլիոն տարի առաջ Քեմբրիայի պայթյունից հետո, այն ժամանակ, երբ բրածոների տարեգրության համաձայն՝ Երկրի վրա հանկարծ շատ օրգանիզմներ են հայտնվել:

Վերջերս հայտնաբերված բրածոն պատկանում էր Titanokorys gainesi-ին՝ ռադիոդոնտ, որն ունեցել է մինչեւ կես մետր երկարություն եւ հսկայական չափ՝ օվկիանոսյան ճկույթի չափ այլ արարածների համեմատ:

Բրածոն հայտնաբերվել է Կուտենեյի ազգային պարկի Քեմբրիայի ապարներում, որը տեղակայված է Կանադայի Ժայռոտ լեռներում:

«Այս կենդանու մեծ չափերը պարզապես ցնցող են, այն Քեմբրիայում հայտնաբերված ամենամեծ կենդանիներից է»,- ասում է հետազոտության հեղինակ Ժան-Բերնար Կարոնը:

Տիտանոկորիսն ունեցել է բազմակողմ աչքեր, արքայախնձորի կտորի նմանվող բերան՝ ծածկված ատամներով, եւ գլխի տակ տեղակայված փշոտ ճանկեր: Կենդանու մարմինն ունեցել է մի շարք շերտեր, որոնք օգնել են նրան լողալ: