Կլիմայի փոփոխությունն ազդում է կենդանիների ձեւի վրա: Նոր հետազոտությունները ենթադրում են, որ տաքարյուն տեսակները զարգանում են, ընդ որում՝ մեծանում են նրանց կտուցները, ոտքերը եւ ականջները, որպեսզի մոլորակի տաքացմանը զուգընթաց կարգավորեն մարմնի ջերմաստիճանը, հաղորդում է BBC-ն:

Գիտնականները նախազգուշացնում են ֆիզիոլոգիական փոփոխությունները չեն նշանակում, որ կենդանիները հաղթահարում են կլիմայի փոփոխությունը:

«Հաճախ, երբ քննարկում են կլիմայի փոփոխությունը, հարց է ծագում. «Կարո՞ղ են արդյոք մարդիկ հաղթահարել դա» կամ «Ո՞ր տեխնոլոգիան կարող է լուծել այս խնդիրը»»- ասում է հետազոտության հեղինակ, Դիկինի համալսարանից Սառա Ռայդինգը: «Ժամանակն է ընդունել, որ կենդանիները նույնպես պետք է հարմարվեն այդ փոփոխություններին»:

Հետազոտության մեջ ասվում է, որ ավստրալական թութակների որոշ տեսակների կտուցի չափը 1871 թվականից աճել է 4-10%-ով, ինչը կապված է տարիների ընթացքում ամառային ջերմաստիճանի բարձրացման հետ:

Գիտնականները նշում են, որ դժվար է կլիման համարել ձեւի փոփոխության միակ պատճառը, սակայն տեսակների փոփոխության այլ օրինակներ ցույց են տալիս դրա ազդեցությունը: Փայտային մկների մոտ հայտնվում են ավելի երկար պոչեր, հողափորների մոտ՝ ավելի երկար պոչեր եւ ոտքեր, իսկ ավելի տաք կլիմայական պայմաններում չղջիկների մոտ՝ ավելի մեծ թեւեր:

«Ձեւի փոփոխությունը չի նշանակում, որ կենդանիները հաղթահարում են կլիմայի փոփոխությունը, եւ որ ամեն ինչ կարգին է»,- ասում է Սառան: «Դա պարզապես նշանակում է, որ դրանք զարգանում են գոյատեւելու համար, բայց մենք վստահ չենք, թե որոնք են այս փոփոխությունների այլ էկոլոգիական հետեւանքները, կամ որ տեսակներն են ունակ փոխվել եւ գոյատեւել: Մեր ստեղծած կլիմայի փոփոխությունը հսկայական ճնշում է գործադրում նրանց վրա, եւ թեեւ որոշ տեսակներ հարմարվում են, մյուսները՝ չեն հարմարվում»: