Մահացել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչեւը՝ Կրասնոյարսկի երկրամասում զորավարժությունների ժամանակ փորձելով փրկել ելուստի եզրից ընկած օպերատորին: Այս մասին իր տելեգրամյան ալիքում պատմել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

«Նա եւ օպերատորը կանգնած էին ելուստի եզրին: Օպերատորը սայթաքեց ու ջուրն ընկավ: Բավականաչափ ականատեսներ կային. ոչ ոք նույնիսկ չհասցրեց հասկանալ, թե ինչ կատարվեց, քանի որ Զինիչեւը ընկածի հետեւից ջուրը նետվեց եւ բախվեց դուրս ցցված քարին», - գրել է նա:

Սեպտեմբերի 8 -ին հայտնի դարձավ, որ Կրասնոյարսկի երկրամասի Նորիլսկ քաղաքում վարժանքների ժամանակ 55 տարեկան հասակում մահացել է Եվգենի Զինիչեւը: Ըստ ԱԻՆ-ի՝ գերատեսչության պետը մահացել է «ծառայողական պարտականությունները կատարելիս (...)՝ փրկելով մարդու կյանք»: Զինիչեւը Արտակարգ իրավիճակների նախարար էր 2018 թվականի մայիսից: