«Սամվել Նիկոյանին առաջարկում եմ թարմացնել հիշողությունն ու հիշել այն նամակն ու լուսանկարը, որը մենք դեռեւս անցյալ տարի սեպտեմբերին ուղարկել էինք խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին»,- NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է լուծարված փաստահավաք խմբի անդամ, Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Անդրանիկ Քոչարյանը։ Այդ նամակով Ա.Քոչարյանն ու խմբի մեկ այլ անդամ՝ «Ժառանգությունը» ներկայացնող Սեդա Սաֆարյանը խնդրել էին պարզել՝ լուսանկարում պատկերված զինվորական հագուստով անձինք ովքե՞ր են, ուժային ո՞ր ստորաբաժանման են պատկանում, ի՞նչ հանդերձավորմամբ են եւ ի՞նչ սպառազինությամբ: Լուսանկարն արվել էր մարտի 1-ի առավոտյան, Մելիք-Ադամյան փողոցում։ Նամակին, սակայն, Նիկոյանի գլխավորած հանձնաժողովը ընթացք չէր տվել։ Փոխարենը Ս. Նիկոյանը թերթերից մեկի հետ զրույցում մեղադրել է Փաստահավաք խմբի անդամներին՝ ասելով. «Եթե փաստեր ունեին, ինչո՞ւ ժամանակին չեն ներկայացրել ժամանակավոր հանձնաժողովին»։

Անդրանիկ Քոչարյանը հիշեցրել է, որ Փաստահավաք խումբը իր գործունեության ընթացքում մարտյան դեպքերի ժամանակ բանակի ներգրավման վերաբերյալ բազմաթիվ փաստեր էր հավաքել, որոնք Խմբի լուծարումից հետո տրամադրվել են ժամանակավոր հանձնաժողովին, սակայն դրանք այդպես էլ չեն ուսումնասիրվել եւ տեղ չեն գտել հանձնաժողովի եզրակացության մեջ։ Նշենք, որ Խմբի լուծարման հաջորդ օրը խմբի ղեկավար, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը խմբի տիրապետության տակ գտնվող բոլոր փաստերը՝ ձայնագրություններ, տեսագրություններ, լուսանկարներ, փաստաթղթեր, փոխանցել էր Սամվել Նիկոյանին։

Ս. Նիկոյանն, ի դեպ, մամուլում հայտարարել է նաեւ, թե ՓԽ անդամներն իրենց կազմած զեկույցներն օգտագործում են քաղաքական հայտարարություններ անելու նպատակով։ Այս մեղադրանքին Անդրանիկ Քոչարյանը NEWS.am-ի հետ զրույցում արձագանքել է. «Քաղաքական նպատակով օգտագործված զեկույցը հենց Նիկոյանի զեկույցն է։ Այդ զեկույցում ժամանակավոր հանձնաժողովը փաստերը կոծկելով՝ փորձել է քաղաքական նպատակ հետապնդել։ Իսկ մեր բոլոր զեկույցները հիմնված են եղել կոնկրետ փաստերի վրա։ Մենք, օրինակ, անդրադարձել ենք պաշտպանության նախկին նախարարի 0038 ապօրինի հրամանին, դրա քաղաքական նպատակը ո՞րն է։ Քաղաքական նպատակը այս փաստերից խուսափելը կլիներ, մի բան, որն արել է Նիկոյանը՝ հանձնաժողովի ստեղծումից մինչեւ օրս»։

Մեր մյուս հարցին՝ ըստ ձեզ, ի՞նչ արձագանքների կարժանանա ձեր վերջին զեկույցը, Ա. Քոչարյանը պատասխանել է, թե իրենք իրենց առաջ խնդիր չեն դրել որեւէ տեղից արձագանք ստանալ, իրենց խնդիրը ճշմարտության մասին հասարակությանն իրազեկելն է։ Նա, նաեւ հավելել է, թե ակնկալում է, որ զեկույցը կուսումնասիրվի Մարու իրավունքների պաշտպանի, ինչպես նաեւ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից եւ համապատասխան հետեւություններ կարվեն։

Անդրանիկ Քոչարյանը նշեց նաեւ, որ առաջիկայում պատրաստվում են նոր զեկույցներ հրապարակել։ Դրանցից մեկը վերաբերելու է մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ ընդդիմության առաջնորդների եւ ուժային կառույցների ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած բանակցություններին, իսկ երկրորդը՝ մարտի 1-ի առավոտյան Օպերայի հրապարակում տեղի ունեցած դեպքերին։ Մասնավորապես՝ այս հարցին. իրավապահ համակարգը ի՞նչ հիմնավորմամբ է գործողություններ ծավալել եւ ի՞նչ ուժերի միջոցով։

Հիշեցնենք, որ Փաստահավաք խումբն այս ընթացքում հրապարակել է թվով հինգ զեկույց։