«Ներկայացված օրենքի նախագիծը, խմբագրելով ամբողջ գործող օրենքը, չի լուծել թվայնացման անցնելու հետ կապված մի շարք էական խնդիրներ»,- այսօր՝ մայիսի 19-ին տեղի ունեցած ԱԺ նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին։ ԱԺ նախագահը նաեւ հավելել է. «Հստակ չեն կարգավորիչ մարմնի դերն ու գործառույթները։ Առավել եւս, հստակ չէ, թե Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը եւ Էկոնոմիկայի նախարարությունը ի՞նչ լիազորություններով են օժտված, եւ ո՞ր մարմինը ինչի համար է պատասխանատու»։

Իր ելույթի ավարտին Ազգային ժողովի նախագահը քննադատել է կառավարությանը՝ թերի օրինագիծ Ազգային ժողով ներկայացնելու համար, ապա առաջարկել է նախաձեռնել լսումներ օրենքի շուրջ։ «Քանի որ Հանրապետական կուսակցության խմբակցությունը կողմ է քվեարկելու այս նախագծին, առաջարկում եմ առաջին ընթերցմամբ ընդունել, բայց պայմանով, որ հաջորդ շաբաթ կազմակերպելու ենք լսումներ»,- ասել է ԱԺ նախագահը։

«Ժառանգություն» խմբակցությունը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու, ՀՅԴ-ն, ամենայն հավանականությամբ, կողմ չի քվեարկելու, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը սպասում է իր ղեկավարի որոշմանը։ Կոալիցիոն երկու ուժերը՝ «Օրինաց երկիրն» ու ՀՀԿ-ն կողմ են քվեարկելու օրինագծին։