Արցախում նոյեմբերի 9-ից հետո գրեթե ոչինչ  չի փոխվել, այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ մարդիկ ընկճված, հուսահատ վիճակում լինի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Այն խուճապը, որ պատերազմի ժամանակ տարածում էին զորքի ու բնակչության մեջ, շարունակում են անել ներկայիս իշխանությունները եւ հասցնել այն հոգեվիճակին, որ մարդիկ ապրեն մեկ օրով, մեկ ժամով:

Երեկ Արցախում կառավարության նիստ էր եւ Արայիկ Հարությունյանը նախագահի տեսք ընդունած խոսում էր սոցիալական ծրագրերի մասին եւ մարդկանց ասում, որ 68 հազարական դրամներից հետո կլինի 25 հազարի ծրագիր, թող մարդիկ դրանից հետո մտածեն սեփական միջոցներով գումար հայթայթելու մասին: Իսկ այսօր Արցախում շատ մարդիկ անգամ տանիք չունեն, սոցիալական լուրջ խնդիրների առջեւ են, աշխատանք չունեն, գործազուրկ են, իսկ իշխանությունը պնդում է, որ նման խնդիր չկա, մարդիկ վերադառնում են:

Այսօր խոսում են սոցիալական, շինարարական ծրագրերից: Իրականում հարդարման աշխատանքներ են կատարում, սալիկապատում, գեղեցկանում են շենքերը: Հիմնականում մարդկանց տեղավորում են հյուրանոցներում, վարձով բնակարաններում, կառավարությունը մեկ սենյականոց բնակարանի վարձի համար տրամադրում է 40 հազար դրամ, այն դեպքում, երբ եթե անգամ կարողանաս գտնել վարձով բնակարան, ու դա լինի 120 հազար դրամ, մարդը պետք է երջանիկ լինի»,-ասաց նա:

Մետաքսե Հակոբյանը հիշեցրեց վերջերս ընդունված օրենքը, ըստ որի, եթե մեկն ունի մեկից ավելի բնակարան եւ չի բնակվում այնտեղ, պետությունն իրավունք է ստանում ժամանակավորապես այն վերցնել եւ բնակեցնել. «Վերջերս այդ նախարարին հարցրի՝ գոնե մեկ արցախցու ապահովեցի՞ք բնակարանով, ասաց՝ իհարկե ոչ: Արայիկ Հարությունյանը շրջապատված է ոչ պրոֆեսիոնալ մարդկանցով: Հայաստանի իշխանությունները Արցախում ունեն իրենց պրոյեկտը, որն իրականացնում է այն, ինչին միտված են այս իշխանություններ»: