Բրիտանացի բուժաշխատողներից օրենքով կպահանջվի պատվաստվել նոր կորոնավիրուսի դեմ՝ հիվանդանոցներում վիրուսի փոխանցումը նվազեցնելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Times-ը:

Խոսքն Առողջապահության ազգային ծառայության (ԱԱԾ) 1.2 միլիոն աշխատակցի մասին է, ովքեր աշխատում են հիվանդների հետ անմիջական շփման մեջ, եւ որոնց համար պատվաստումն աշխատանքի ընդունման պայման կդառնա: Մերժման դեպքում բուժաշխատողը կարող է տեղափոխվել այլ աշխատանքի եւ կարող է աշխատանքից ազատվել:

Ըստ պաշտոնական տվյալների՝ առողջապահական ոլորտի աշխատակիցների 8 տոկոսը կամ գրեթե 117.000 մարդ դեռ չի ստացել իր առաջին պատվաստանյութը, մինչդեռ Լոնդոնում նրանց մասնաբաժինը 14 տոկոս է կազմում:

Միացյալ Թագավորությունը համաշխարհային առաջատարներից է կորոնավիրուսի դեմ բնակչության զանգվածային պատվաստումների առումով: Ըստ վերջին տվյալների՝ 16 տարեկանից բարձր քաղաքացիների գրեթե 90 տոկոսը (ավելի քան 48 մլն մարդ) ստացել է առաջին պատվաստումը: 80.3 տոկոսը լիովին պատվաստված է: