Այսօր էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի բակում բողոքի ակցիա էր կազմակերպվել ընդդեմ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ, մանկապղծության մեջ մեղադրվող Լեւոն Ավագյանի նկատմամբ մեղմ պատիժ սահմանելուն: Հիշեցնենք, որ մեղադրող կողմը Լեւոն Ավագյանի համար պահանջել է 1,5 տարվա ազատազրկում: Դատարանի շենքի դիմաց հավաքվածները դատարան բերվող Ավագյանին դիմավորել են «Ամոթ», «ամոթ» վանկարկումներով եւ «Պետությունը հովանավորում է մանկապղծությունը», «Հաջորդը կարող է լինել քո երեխան» պաստառներով: Լեւոն Ավագյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օր 142 հոդվածի 2-րդ կետով` 1985թ. մինչեւ 2008թ. իր սաների նկատմամբ բռնությամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար: Ընթացող դատավարությամբ ընդամենը 5 անչափահաս տուժող է ընդգրկված, որոնցից ընդամենը մեկն էր ներկայացել դատարան` Հասմիկ Սինանյանը:
Տուժողների փաստաբաններն այսօր մանրամասն ներկայացրեցին, թե Լեւոն Ավագյանն ինչպես է շահագործել երեխաններին, դասերի ընթացքում տարբեր պատրվակներով իր սենյակն ուղարկել, որտեղ էլ նրանց նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել: Թեեւ սկզբնական շրջանում Լ. Ավագյանը հերքում էր իրեն մեղսագրվող մեղադրանքը, սակայն իր վերջին խոսքում ասել է. «Ես ընդունում եմ իմ մեղքը եւ դատարանին խնդրում մեղմ պատիժ սահմանել»: Սրան տեղից արձագանքել է նրա նախկին սաներից մեկը` Լաուրա Աթեյանը. «Դու ներում չունես: Էդ դպրոց չի եղել մեզ համար, համակենտրոնացման ճամբար է եղել: Ես մինչեւ հիմա չեմ մոռացել քո ծեծերը: Ամեն ինչ եղել է, ծեծ, էլ բռնություն էլ, բռնաբարություն էլ: Մինչեւ հիմա ես երիկամների ցավ ունեմ: Քո կողքին պետք է նստեր նաեւ տնօրենը` Մերուժան Ենգիբարյանը, նա քեզանից էլ դաժան էր»:
Մանկապիղծ ուսուցչի փաստաբանը խնդրել է իր պաշտպանյալին պայմանական ազատ արձակել, ինչին դահլիճում նստածներից մեկն արձագանքել է. «Դուք երեխաներ ունե՞ք: Նույնպես կպաշտպանեիք այդ մանկապիղծին, եթե նա ձեր երեխայի հետ նման կերպ վարվեր»:
Դատավոր Արտյուշա Գաբրիելյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու: Այն կհրապարակվի մայիսի 24-ին` ժամը16-ին:


























