ԵԽԽՎ կանոնադրությունը ԵԽԽՎ նախագահի ետ կանչի որեւէ մեխանիզմ չի նախատեսում եւ «Բարգավաճ Հայաստանը» շատ ավելի արդյունավետ տարբերակ է առաջարկել՝ եթե հունիսյան նստաշրջանում ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուին հաջողվի Բյուրոյում քվեարկության միջոցով վերականգնել ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովը, ապա հայկական պատվիրակությունը կարող է ուղղակի բոյկոտել այդ հանձնաժողովի աշխատանքները՝ թույլ չտալով որ այն աշխատի։ NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի առաջարկին։ Վերջինս ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամներին առաջարկել էր Չավուշօղլուի նկատմամբ ձեռնարկել իմպիչմենթի գործընթաց։ Նաիրա Զոհրաբյանը հավելել է նաեւ, թե իմպիչմենթի գործընթաց սկսելը ռեալ չէ, քանի որ ԵԽԽՎ նախագահին ետ կանչելու իրավական որեւէ մեխանիզմ առկա չէ, բացի այդ էլ, մինչեւ նման մեխանիզմ առաջարկվի ու այն ուժի մեջ մտնի, Չավուշօղլուի պաշտոնավարման ժամկետը կավարտվի։

Նշենք, Հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ընդունում եւ անգամ ողջունում է ԵԽԽՎ-ի նախագահի տեսակետը, թե պետք է «պրագմատիկ մոտեցում ցուցաբերվի», այսինքն՝ «ֆիքսվի ենթահանձնաժողովի նպատակը», «աշխատանքային ձեւերը»: NEWS.am-ը Նաիրա Զոհրաբյանին հիշեցրել է Դ. Հարությունյանի այս հայտարարությունը՝ հարցնելով. այս հայտարարությունից չի՞ զգացվում, որ Դավիթ Հարությունյանը կողմ է տրամադրված ենթահանձնաժողովի վերաակտիվացմանը, քանի որ խոսում է այդ հանձնաժողովի նպատակները ֆիքսելու մասին։ ԲՀԿ-ական պատգամավորն այսպես է արձագանքել. «Մեր դիրքրոշումը միանշանակ է՝ նման ենթահանձնաժողով չպետք է գործի, քանի որ այն չի կարող արդյունավետ աշխատել, ինչի մասին խոստովանել է նաեւ այդ հանձնաժողովի նախկին նախագահ Ռասել Ջոնսթոնը։ Ինչ վերաբերում է Դավիթ Հարությունյանի հայտարարությանը, ապա ես չեմ կարծում, որ նա տրամադրված է կամ կողմ է այդ հարցում, քանի որ նա փորձառու քաղաքական գործիչ է ու հրաշալի հասկանում է այդ հանձնաժողովի բոլոր հնարավոր վտանգները»։

Հիշեցնենք, որ ԼՂ հարցով ենթահանձնաժողովը ստեղծվել է 2005 թվականին եւ գործել է մինչեւ 2008 թվականը։ Հանձնաժողովը դադարեցրել է իր աշխատանքները՝ այն ղեկավարող Ռասել Ջոնսթոնի մահվան պատճառով։