Եվրոպական Միությունը դրական է գնահատում քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ, որին 2009թ. ընթացքում նպաստել են քաղաքական եւ անվտանգության կոմիտեի Տրոյկայի մակարդակով Բրյուսելում կայացած նիստերը, ինչպես նաեւ 2009թ. հուլիսին նախարարական Տրոյկայի այցելությունը Հայաստան: Այդ մասին ասված է Եվրոպական հանձնաժողովի՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում 2009թ. առաջընթացի մասին հրապարակված զեկույցում:

Ըստ զեկույցի՝ ԵՄ- 2009թ. ընթացքում Հայաստանը միացել է ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության շրջանակներում ԵՄ 138 հայտարարություններից 108-ին (Վրաստանը` 97-ին, Ադրբեջանը` 56-ին): Նշվել է նաեւ, որ Հայաստանն առհասարակ շատ ակտիվ է ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականությանն առնչվող հարցերում:

Քաղաքական երկխոսության տեսակետից դրական անդրադարձ է կատարվում նաեւ ԵՄ-Հայաստան մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսությանը (ինչը բացակայում է Ադրբեջանի դեպքում):

ԵՄ-ն գտնում է, որ Հայաստանը մեծ քայլ է իրականացրել տարածաշրջանային համագործակցության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչի արդյունքում ստորագրվել են պատմական նշանակություն ունեցող արձանագրությունները, սակայն դրանց վավերացումը ձգձգվում է:

ԵՄ գնահատմամբ՝ Հայաստանի պետական եւ ոչ-պետական կառույցներն ակտիվորեն մասնակցել են Արեւելյան գործընկերության բազմակողմ ձեւաչափին, մասնավորապես՝ բաց երկխոսության եւ աշխատանքային ծրագրերի մշակման միջոցով:

Արձանագրվում են 2008թ. ներքին քաղաքական ճգնաժամի հետեւանքները հաղթահարելուն ուղղված Հայաստանի իշխանությունների քայլերը, համաներումը, որը ողջունել է նաեւ ԵԽԽՎ-ն, ինչպես նաեւ 2009թ. մարտին Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները:

Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունների գնահատականը վերցված է ԵԽ Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի զեկույցից: Նշվում է, որ ընդդիմությունը բոյկոտել է ավագանու, ինչպես նաեւ 2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքները: Վերջինիս վերաբերյալ հիշատակվում է ԵԽԽՎ համազեկուցողների գնահատականը:

2008թ. մարտի դեպքերին առնչվող գործերով դատավարություններում նկատվել են զանազան թերացումներ, մասնավորապես արդար դատավարության եւ դատավորների անաչառության, միայն ոստիկանության ցուցմունքների հիման վրա մեղադրանքների առաջադրումը եւ վճիռների կայացումը:

Համաներման դրական գնահատականի հետ մեկտեղ նշվում է, որ որոշ անձինք դեռ մնում են ազատազրկման մեջ: Զգալի տեղ է հատկացվում օրենսդրական բարեփոխումներին, սակայն ինչպես եւ նախորդ զեկույցներում, շեշտվում է օրենքների կատարման եւ կատարելագործման անհրաժեշտությունը:

Նշվում է, որ 2009թ. շարունակվել են տեղ գտնել զորակոչվածների, ինչպես նաեւ ազատազրկման վայրերում եւ ոստիկանության բաժանմունքներում գտնվողների հանդեպ խոշտանգումների դեպքերի վերաբերյալ հաղորդագրությունները:

Խոսքի եւ մամուլի ազատության առումով նշվում են օրենսդրական փոփոխությունները եւ այն, որ չնայած լրագրողների դեմ բռնության արձանագրված դեպքերի թիվը 2009թ. ընթացքում նվազել է, այդ գործերով մեղադրանքներ դեռեւս չեն ներկայացվել:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող մասում նշվում է, որ 2009թ. Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ կարգավորման բանակցությունները զգալիորեն աշխուժացել են եւ նպաստել են ավելի ընդգրկուն երկխոսությանը: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ 6 հանդիպումներ են տեղի ունեցել տարվա ընթացքում: Ի լրումն` երկու երկրների արտգործնախարարները մի շարք հանդիպումներ են ունեցել, այդ թվում` 2009 թ. դեկտեմբերին Աթենքում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի ժամանակ:

Զեկույցում հղում է կատարվում 2009 թ. հուլիսին Լ’Աքվիլայում կայացած ՄԵծ Ութնյակի գագաթնաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով արված հայտարարությանը, որով կոչ է արվում «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին` լուծել իրենց միջեւ դեռեւս գոյություն ունեցող մի քանի տարաձայնությունները եւ վերջնականացնել իրենց համաձայնությունը այս Հիմնարար սկզբունքների շուրջ, ինչը համապարփակ կարգավորման ուղենիշ կհանդիսանա»:

«Այնուամենայնիվ, ընդհանուր լարվածությունը պահպանվում է, եւ իրավիճակը մնում է անկայուն: Շփման գծում կրակի փոխանակման միջադեպերի եւ զոհերի մասին հաղորդագրությունները շարունակվել են եւ մտահոգության տեղիք են տալիս»,- արձանագրել են զեկույցի հեղինակները: