ԵՄ-ն բացասական է գնահատել Ադրբեջանում 2009թ. ընդունված սահմանադրական փոփոխությունները: Այդ մասին ասված է Եվրոպական հանձնաժողովի՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում 2009թ. առաջընթացի մասին հրապարակված զեկույցում:
ԵՄ-ն ընդգծել է, որ նախագահի անժամկետ պաշտոնավարման դրույթը եւ գործադիր իշխանության այդտեսակ հզորացումը հակասում է Եվրոպայում գոյություն ունեցող հիմնական պրակտիկային եւ հետընթաց է հանդիսանում Ադրբեջանի համար: 2009թ. դեկտեմբերին Ադրբեջանում անցկացված տեղական ընտրությունները զեկույցում որակվում են ընդհանուր առմամբ որպես խաղաղ եւ լավ կազմակերպված գործընթաց, սակայն նշվում է իրական քաղաքական քարոզարշավի բացակայությունը, ԶԼՄ-ներում քարոզարշավի համար եթերի անհավասար բաշխումը եւ բնակչության ցածր ակտիվությունը:
Ըստ զեկույցի, Ադրբեջանի տնտեսությունը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ավելի քիչ է տուժել, քան այլ երկրներինը: ԵՄ-ն գոհունակությամբ է անդրադառնում Ադրբեջան-ԵՄ էներգետիկ համագործակցությանը` նշելով Հարավային միջանցքի, ինչպես նաեւ Նաբուկո ծրագրի շրջանակներում Ադրբեջանի ռազմավարական համագործակցությունը եւ առաջընթացը: Միաժամանակ զեկույցում նշվում է, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու բանակցություններում Ադրբեջանը գրանցել է սահմանափակ առաջընթաց:
Չնայած Ադրբեջանը որոշ առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում, այնուամենայնիվ կոռուպցիան լայնատարած երեւույթ է ադրբեջանական հասարակության բոլոր շերտերում, եւ դրա դեմ պայքարելու համար լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ: Զեկույցում մտահգությամբ նշվում են Ադրբեջանի ուղղիչ-աշխատանքային համակարգում անազատության մեջ պահվող անձանց նկատմամբ խոշտանգումները: Անդրադառնալով մամուլի եւ արտահայտման ազատության հարցերին` ԵՄ-ն նշում է, որ 2009թ. ընթացքում արտահայտվելու ազատությունն ու մամուլի ազատությունը վատթարացել են` ընդգծելով 2009թ. հունվարին օտարերկրյա ռադիոհաղորդումների եթերի արգելումը` բնակչությանը զրկելով տեղեկատվության այլընտրանքային աղբյուրից: Առանց լրագրողական շրջանակների եւ հասարակական կազմակերպությունների հետ նախնական քննարկման 2009թ. մարտին ԶԼՄ-ների մասին օրենքի փոփոխությունը ԵՄ-ն դիտում է որպես բացասական մոտեցում: Օրենքի փոփոխությունները պետությանը հնարավորություն են տալիս միջամտելու ԶԼՄ-ների գործունեությանը, որը չի համապատասխանում ԵԱՀԿ մամուլի ազատության չափանիշներին: ԵՄ-ն իր մտահոգությունն է արտահայտում եւ քննադատում է լրագրողներին վախեցնելու դեպքերը, նրանց նկատմամբ կասկածելի գործեր հարուցելը:
Այս համատեքստում նաեւ ԵՄ-ն նշում է 2009թ. մարտին Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով ԵԽԽՎ-ի զեկուցողի նշանակումը եւ ընդգծում է, որ այս հարցը ԵՄ-ն կշարունակի բարձրացնել Ադրբեջանի իշխանությունների հետ իր շփումներում: Քաղաքացիական հասարակության վիճակի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենքի փոփոխությունները սահմանափակում են ՀԿ-ների գործունեությունը: Զեկույցում նշվում է, որ հավաքների ազատության սահմանափակումները մտահոգիչ են: Տեղական ինքնակառավարմանը վերաբերող սահմանադրական փոփոխությունները զեկույցում քննադատության են ենթարկվում ԵՄ կողմից` դրանք դիտարկելով որպես տեղական ինքանակառավարման մարմինների անկախ գործունեության խոչընդոտ:
ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման առումով նշվում են 2009թ. ակտիվացած շփումները, այդ թվում նախագահների միջեւ կայացած 6 հանդիպումները: Շեշտվում է, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ են երկուստեք համարձակ քայլեր: Զեկույցը նշում է, սակայն, որ ընդհանուր իրավիճակը մնում է մտահոգիչ:
2009թ. ընթացքում Ադրբեջանը միացել է ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության շրջանակներում ԵՄ 138 հայտարարություններից 56-ին:




























